211652_close_icon
views-count13485 դիտում article-date 13:21 17-07-2021

Նազարբաևը պատմել է, որ իրեն 20 մլրդ դոլար էին խոստացել ԽՍՀՄ-ից մնացած միջուկային զենքերը ՌԴ-ին չհանձնելու համար

Օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունը  մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպել է «Ղազախ. Ոսկե մարդու պատմություն» ֆիլմի ցուցադրությունը, որը նա նկարահանել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին:

Ինչպես նշում է RBC-ն, դրանում նախկին նախագահը խոսել է երկրում միջուկային զենքի պատմության մասին: 

ԽՍՀՄ փլուզումից հետո Ղազախստանն իր տրամադրության տակ ուներ աշխարհում միջուկային զենքի չորրորդ ամենամեծ զինանոցը: Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի անունից, Ղազախստանին խոստացել է 20 միլիարդ դոլար, որպեսզի երկիրը պահպանի խորհրդային միջուկային զենքը և հրաժարվի այն Ռուսաստանին հանձնելուց:

«Մենք դարձանք աշխարհում չորրորդ միջուկային զինանոցի տերը: Եվ նրանք՝ Մարգարեթ Թետչերը (Բրիտանիայի վարչապետ 1979-1990թթ.), Ջեյմս Բեյքերը (ԱՄՆ պետքարտուղար 1989-1992թթ.) սկսեցին ինձ մոտ գալ: Բոլորը գալիս ու հարցնում էին` իսկ հրթիռնե՞րը ... ի՞նչ եք անելու», - վերհիշել է Նազարբաևը:

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր երկրի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, նամակ է ստացել «մի շարք իսլամական պետություններից», որում ասվում է, որ «Ղազախստանը դարձել է միակ իսլամական երկիրը, որն ունի միջուկային զենք»: 

Ավելի ուշ հանրապետություն է ժամանել Պաղեստինի ազգային ինքնավարության նախագահ Յասեր Արաֆաթը:

«Եվ նա ասաց.«Ես իմ անունից չեմ եկել, այլ ձեր ընկերների»: Նրան ուղարկել էր Մուամար Քադաֆին՝ միջուկային զենքի հետ կապված հարցը պարզելու համար: Բնականաբար, մտքովս անգամ չէր էլ անցնում  այդ հրթիռների վաճառքը: Ես ուղղակի ասացի. «Դրանց պահպանումը շատ թանկ է, Ղազախստանը չի դիմանա դրան»: «Որքա՞ն գումար է պետք»,-հարցրեց Արաֆաթը: Այն ժամանակ ես գլուխ չէի հանում գումարի ծավալներից, հատկապես դոլարի պարագայում: Այնպես որ, կատակով ուղղակի ասացի` 20 միլիարդ դոլար: Ասացի ուղղակի ասելու համար: Ես կարծում էի, որ դա կատակ է: Սակայն նա լուրջ արձագանքեց: Նա ասաց.«Ես կփոխանցեմ (Քադաֆիին), Դուք այդ գումարը կստանաք»»,- Արաֆաթի հետ խոսակցությունը վերհիշել է Նազարբաևը:

Սթոունի ճշտող հարցին նա պատասխանել է, որ չէր պատրաստվում վերցնել այդ գումարը և որ այն առհասարակ չի փոխանցվել:

Նմանատիպ նյութեր