211652_close_icon
views-count3771 դիտում article-date 17:47 13-07-2021

Փողոցային պայքարը շարունակվելու է, առաջիկայում կարևորելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

Եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար, ապա 270 000 քաղաքացիներին, որոնք մեզ են քվեարկել, հատ-հատ կձերբակալեր: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին,  «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ակնհայտ է, որ ճնշումները փորձելու են շարունակել, բայց մի շատ կարևոր հանգամանք և փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու, դա մեզ մեր պայքարից հետ չի պահելու և բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև անդրադարձավ խորհրդարանական մանդատներին և նշեց, որ վերջնական որոշումը կկայացվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

«Մենք մանդատների վերցնելը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից․ արդյոք այդ մանդատների վերցնելը մեր պայքարի նոր խթան է հանդիսանալու, և արդյոք նպաստելու է մեր պայքարի ընդլայնմանը, այդ տրամաբանությամբ ենք մենք որոշում կայացնելու»,- նշեց Սաղաթելյանը։

Դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ մանդատներն օգտագործելու են այս հայրենադավ իշխանությանը հեռացնելու համար:

«Մենք խորհրդարան անցնելով՝ չենք դառնալու խորհրդարանական ընդդիմություն, և փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ, և մենք մեծապես կարևորելու ենք առաջիկայում մեր ժողովրդի ինքնակազմակերպած անհնազանդության ակցիաները»,- ընդգծեց դաշինքի անդամը:

Նմանատիպ նյութեր