ԱԺ ընտրությունները չհանգուցալուծեցին քաղաքական և ներհասարակական ճգնաժամը․ ՀՅԴ-ն հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն. Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է, որ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ՀՅԴ Հայաստանի 24-րդ գերագույն ժողովի ընդունած հայտարարությունը, հայտնում է Tert.am-ը։
«ՀՅԴ Հայաստանի 24-րդ գերագույն ժողովը, քննելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական, անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական և հետընտրական գործընթացները, երկում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, արձանագրում է, որ խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը, երկիրը պարտության հասցրած իշխանությունը, հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության և պետականության համար»,-հայտարարեց նա։
Ըստ ՀՅԴ ԳՄ հայտարարության՝ հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը, վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։
«Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, հայոց բանակը և մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ են․ ՀՅԴ-ն իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար,-ներկայացրեց Սաղաթելյանը։։
Վերջինս նաև հայտարարեց, թե ընտրություններից հետո այս իշխանությունները շարունակում են համատարած բռնաճնշումները նրանց նկատմամբ, ովքեր չեն քվեարկել նրանց օգտին, մեծ ծավալով շարունակվում են ապօրինի ճնշումները համայնքների ղեկավարների նկատմամբ, ինչով, ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի, փորձ է արվում քանդել ՏԻՄ ինստիտուտը և այն դարձնել նշանակովի։ «Մենք բոլոր դեպքերը հատ-հատ արձանագրում ենք, ներկայացնելու ենք նաև միջազգային կազմակերպություններին և ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր համակիրների իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար»,-ասաց նա։