211652_close_icon
views-count2478 դիտում article-date 10:25 06-07-2021

Ճշմարտությունը կիմանանք 30 տարի հետո․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդկային կյանքն ու ազատությունը ամենաթանկ, ամենակարեւոր բանն են աշխարհում, որոնց համար կարելի է վճարել ցանկացած գին: Այդ առումով մեր 15 գերիների վերադարձը հայրենիք պետք է անվերապահորեն ողջունել եւ ուրախանալ այդ տղաների ընտանիքների հետ միասին: «Հերոս-ոչ հերոս» քննարկումն էլ առանձնապես իմ սրտով չի. հեշտ է համակարգչի դիմաց նստած նման դատողություններ անել: Իհարկե, տեղի է ունեցել գործարք, եւ այդ բառից պետք չէ վախենալ: Բաքվի դատարանը, բնականաբար, անկախ չէ, եւ կարող էր մեր տղաներին դատապարտել թե՛ 6 ամսով, թե՛ 6 կամ 60 տարով՝ միեւնույն է, դրանք կլինեին ապօրինի վճիռներ: Պայմանավորվածությունը, հավանաբար, այն էր, որ ռազմագերիներին կտան այնպիսի մի ժամկետ, որ նրանք կարողանան վերադառնալ տուն, որի դիմաց ադրբեջանական կողմին կտրամադրվեն Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: Քանի որ ես պարտադրված չեմ բոլոր պարագաներում իշխանությունների հասցեին բացասական բաներ գրել, իմ կարծիքը հայտնեմ. ռազմագերիներին արժե՛ր այդ գնով վերադարձնել:

Քննադատության առարկա պետք է լինի ոչ թե այդ գործարքը, այլ՝ մեր զինվորների գերի ընկնելու բուն փաստը: Ո՞վ էր նրանց նոյեմբերի 10-ից հետո ուղարկել Արցախի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրեր, ուղարկելուց հետո ինչո՞ւ ոչ ոք տեր չկանգնեց ո՛չ նրանց, ո՛չ էլ այդ բնակավայրերին, ինչպե՞ս ստացվեց, որ հրադադարից, շփման գիծը ֆիքսելուց հետո այդ բնակավայրերը հայտնվեցին հակառակորդի ձեռքում: Եվ, ի դեպ, ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, որ 44- օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են դեպքեր, երբ զինվորներին հասցրել էին խրամատների մոտ եւ անտերության մատնել:

Իհարկե, իդեալական կլիներ, որ պետությունը լուրջ հեղինակավոր հանձնաժողով ստեղծեր եւ տար այդ բոլոր հարցերի պատասխանը: Բայց իրականությունն իդեալից չափազանց հեռու է: Եթե նոր խորհրդարանում կամ որեւէ այլ տեղ ստեղծվի նման հանձնաժողով, ապա դա կլինի ոչ թե պետության, այլ իշխանության հանձնաժողով, իսկ դրա եզրակացությունը հայտնի է նախապես. ամեն ինչում մեղավոր են Օնիկ Գասպարյանը, Լեւոն Մնացականյանը, Մովսես Հակոբյանը, Սեյրան Օհանյանը, մի քիչ էլ՝ Արման Թաթոյանն ու Մայր աթոռը, այսինքն՝ բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից: Նման եզրահանգման գալու համար ոչ մի հանձնաժողով էլ պետք չէ ստեղծել: Եթե խնդիրը ճշմարտությունն իմանալն է, ապա այս իշխանության ժամանակ այն խնամքով կոծկվելու է, բայց հաջորդ իշխանությունը նույնպես ճշմարտության համար ջանքեր չի թափի ու կառաջնորդվի իր քաղաքական օրակարգով: Իսկ եթե խնդիրն այսօր հասարակական կարծիքի վրա ազդելն է, ապա քաղաքացիների մեծամասնությունն առանց այդ էլ համոզված է, որ դիվանագետներն ու գեներալները «խեղճ Նիկոլին» խաբել են, դավաճանել են եւ պետք է դրա համար պատժվեն: Հավելյալ քարոզչական ջանքեր դրա համար պետք չի թափել:

Իսկ ե՞րբ է պարտության մասին ասվելու ճշմարտությունը: Միայն այն ժամանակ, երբ տարբեր ճամբարների այսօրվա դերակատարները հեռանան ասպարեզից: Իմ հաշվարկներով, 20-30 տարի հետո»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր