211652_close_icon
views-count78761 դիտում article-date 13:35 28-06-2021

Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են CREDՕ վարկային կազմակերպությունը․ ժամանել է Երևանի ոստիկանապետը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CREDO վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ՀՀ ոստիկանության  քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Վահե Մուշեղյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները։

Թե ինչքան գումար է հափշտակել ստահակը, պարզվում է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վարկային կազմակերպությունը հսկվում է «Արմոբիլ» ընկերության կողմից և արդյոք այդ պահին նշված ընկերությունից մարդիկ եղել են, թե ոչ՝ նույնպես պարզվում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր