211652_close_icon
views-count3887 դիտում article-date 14:41 23-06-2021

Որպես դաշինքի առաջնորդ ասում եմ, որ մենք ընտրակաշառք բաժանելու գործընթաց չենք նախաձեռնել. Վանեցյան. News.am

Այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, քննարկվում է այլ ուժերի հետ ՍԴ դիմելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, հայտնում է News.am-ը։

«ՍԴ որոշումից հետո նոր մենք որոշում կկայացնենք՝ ընդունում ենք արդյոք ընտրությունների արդյունքները թե ոչ: Կամ չընդունելով հանդերձ, գնո՞ւմ ենք խորհրդարան, թե որոշում ենք չգնալ: Այդ մասին կխոսենք ՍԴ որոշումից հետո»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ մեղադրվում են ընտրակաշառք տալու գործերով, Վանեցյանն ասաց. «Այսօր ունենք մի քանի ձերբակալված անձինք, որոնք մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու, ընտրողներին ուղղորդելու մեջ եւ ունենք հարյուրավոր մարդիկ, որոնք ընտրությունների օրը կամ մեկ օր առաջ բերման են ենթարկվել եւ բաց են թողնվել առանց որեւէ մեղադրանք առաջադրելու: Դա նպատակ է ունեցել խանգարելու մեր կազմակերպչական աշխատանքներին:

Եկեք սպասենք քննության ավարտին, եթե կապացուցվի նրանց մեղավորությունը եւ դա կլինի բոլորիս համար արժանահավատ, մենք կընդունենք այդ արդյունքները: Որպես դաշինքի առաջնորդ ասում եմ, որ մենք ընտրակաշառք բաժանելու գործընթաց չենք նախաձեռնել: Նման գործելաոճ չենք ունեցել»:

Նմանատիպ նյութեր