211652_close_icon
views-count120060 դիտում article-date 21:09 10-06-2021

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Opel Astra-ն նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հունիսի 10-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Մարալիկի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

 Օպերատիվ են գործել նաև  բժիշկները, ովքեր վիրավորներին  մինչև Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորութամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ  խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն  Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտուշ Հարությունյանի և Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում  է ոստիկանության Անիի  բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Միխայիլ Գրիգորյանն ու Արգամ Մելիքյանը, ովքեր այնուհետև վերադարձել են դեպքի վայր ու այս պահին էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում,  որ հրշեջ–փրկարարներն ու քննիչները կարողանան աշխատել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր