211652_close_icon
views-count2442 դիտում article-date 17:56 05-06-2021

Պատերազմից 8 ամիս անց, երբ դեռ անթաղ մեռելներ կան և որդիներ փնտրող ծնողներ, եթե միջոցառումներ պետք է լինեն, ապա միայն գաղափարական, և ոչ թե խրախճանքի․ Գագիկ Գինոսյան. Tert.am

Շատ ավելի լավ կլիներ, որ ոչ թե խնջունքային միջոցառումներ լինեին, այլ գաղափարական միջոցառումներ, որ ազգին կօգներ ոտքի կանգներ, ոչ թե ազգի մի մասը խրախճանքի մեջ լիներ, մի մասը՝ իր սգի մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով Երևանում երեկ և այսօր կազմակերպված գինու օրերին։

«Երբ պատերազմից 7-8 ամիս անց դեռ անթաղ մեռելներ կան, որդիներ փնտրող ծնողներ կան, կարծում եմ, որ այս ժամանակահատվածում, եթե միջոցառումներ պետք է լինեն, ապա միայն գաղափարական և ոչ թե խրախճանքի վերածվող»,- ասաց նա։

Գագիկ Գինոսյանը նշեց, որ ամեն դեպքում իհարկե հաճելի չի նման իրադարձությունները, բայց կյանքը չի կարող կանգ առնել։ Նա նշեց, որ ինքը ներկա չի եղել միջոցառմանը և եթե անգամ հրավիրված լիներ էլ, չէր գնա։

«Կան տեսակետներ, որ արտերկրից վաղուց հյուրերն արդեն հրավիրված է եղել, ամեն դեպքում եթե երկրում մնացած ամեն ինչ տեղին, ճիշտ լիներ, խնդիրները լուծված լիներ, սահմանի իրավիճակն էլ այդպես չլիներ, միանշանակ կյանքը պետք է շարունակվեր և պետք է շարունակվի, որ ազգը ուժ ունենա հառնելու և զոհված տղերքի հիշատակին Հայաստանը պետք է վերածնել, ոչ թե հավերժորեն սգալ»,- ասաց նա։

Գագիկ Գինոսյանը աններելի համարեց իշխանության կողմից պատասխանատվությունից խուսափելը։ «Աններելի է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նախարարը հո չպետք է ման գալ բոլոր դիահերձարաններում։ Որքա՞ն կարող եք ձեր վրայից նետել պատասխանատվությունը։ Կա՛մ առողջապահության նախարարը ղեկավարում է այդ կառույցը և պատասխան է տալիս յուրաքանչյուր դեպքի համար, կա՛մ հրաժարական է տալիս»,- ասաց նա։

Նա նաև հարց բարձրացրեց, թե ովքեր են պատախանատու այսօր սահմանում կատարվածի համար, ինչ-որ մեկը պատժվե՞լ է։ «Տգետ վարչապետացուն ասում է՝ չոլը հո չենք պաշտպանելու։ Տգե՛տ, քո համար չոլ է, իմ համար իմ հայրենիքն է։ Եթե մեղավոր չկա, եթե որևէ մեկը չի պատժվել, ուրեմն ինքը պետք է պատժվի, քանի որ իմ երկրի ամբողջականությունը վտանգված է, ոտնահարված է և պատասխանատու չկա։ Շատ վատ է, որ գինու փառատոն կա, շատ վատ է, որ մարդիկ խրախճանքի մեջ են, բայց կներեք, դա մրջյուն է՝ համեմատած փղի հետ, որ կատարվում է սահմաներում և մեր անվտանգության հետ։ Հիմա փորձում են ծածկադմփոց անել և գինու փառատոնով ծածկել բոլոր այն թերացումները, ապականությունները սահմանների, ինչն աններելի է»,- ասաց նա։

Գագիկ Գինոսյանը ահավոր համարեց, որ խրախճանք է իրականացվում, երբ կործանվում է երկիրը։ «Շատ մարդկանց գուցե ձեռնտու է այս գինու փառատոնի պախարակումը,  որ շղարշ են իրենց բացթողումները, գուցե պետությունը հենց դրա համար էլ կազմակերպում է՝ ուշադրությունը սահմանից շեղելու համար։ Կառավարությունը, վարչապետը պետք է պատժվեն։ Այս պայմաններում շարունակել պարգևավճարներ բաժանել պարտված կառավարությանը, երկիրը հանձնող, սահմանները չպաշտպանող կառավարությանը, դա ինձ համար անհասկանալի է։ Կառավարության պատասխանատվությունն է, որ դեռ չթաղված մարմիններ կան»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր