211652_close_icon
views-count70220 դիտում article-date 09:35 02-06-2021

Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ. հրշեջներն ու քաղաքացիները մի քանի ժամ պայքարեցին «Երևան պանդոկ» ռեստորանում առաջացած կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանային համալիրում կրակ է նկատվել, ու կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհի օջախներ լինեն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցներն ու շենքի բնակիչները, և հենց նրանց շնորհիվ է, որ կրակի տարածումը կանխվել է։

Այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մինչև 07։45-ը ընկած ժամանակահատվածում նախ մարել են կրակը, ապա՝ մեկուսացրել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում աշխատել են նաև հրդեհաշիջման փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տարածվել ու խոշոր չափի նյութական վնաս է պատճառել ռեստորանի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի խանութ-սրահին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր