211652_close_icon
views-count65127 դիտում article-date 09:27 01-06-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, հետո կանգառում վրաերթի ենթարկել հետիոտների և բախվել «գաի» Toyota-ին ու Opel-ի, վերջինս բախվել է մեկ այլ Opel-ի.3 վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի և հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Opel-ն առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր