Անասնագողություն Արփի գյուղում․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախորդ տարվա հունվարի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում անասնագողության դեպք էր գրանցվել։ Արփի գյուղում կոտրել էին գյուղացիներից մեկի անասնագոմի դռան կողպեքը, գողացել 2 գլուխ խոշոր եղջերավոր և դռանը կապած շունը՝ տուժողին պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս:
Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները։ Փոխգործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել են Արմավիր քաղաքի 19 և 20 տարեկան երկու բնակիչ։
Մայիսի 22-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Պարզվեց, որ նրանք հունվարի 30-ին գողացել են անասունները, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխել Արմավիրի շուկա և 300.000 դրամով վաճառել են։ Իսկ հովվաշանը պահել էին Մայիսյան գյուղի իրենց ֆերմայում։
Հովվաշունը հայտնաբերվել և հանձնվել է տիրոջը: Բերման ենթարկված երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
Հարուցվել է քրեական գործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]