1616 դիտում
14:33 25-05-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հայտարարություն են տարածել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի՛ հայրենակիցներ
2020թ. մայիսյան այս օրերին Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:
Մի կողմ թողնելով 2020թ. համապետական ընտրությունների կազմակերպման, նախընտրական պայքարի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր քաղաքական գնահատականները՝ պետք է ընդունենք, որ անցած տարին առանձնացավ բազմաթիվ փորձություններով և աղետալի զարգացումներով, որոնց կիզակետը դարձավ 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմը:
Անցած տարվա ընթացքում մենք բախվեցինք պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի բազմաշերտ ազդեցությանը. հազարավոր նահատակների, վիրավորների, հարյուրավոր անհետ կորածների, գերիների և պատանդների առկայության փաստին, Արցախի Հանրապետության մեծ մասի կորստին, տասնյակ հազարավոր գաղթականների և ազգային հարստության մի ստվար հատվածի կորստին, ահա այն, ինչ ունենք 2020 թվականի համապետական ընտրություններից և նախագահի պաշտոնավորումից մեկ տարի անց:
Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որոնց շուտափույթ և արդյունավետ լուծումից է կախված Արցախի Հանրապետության լինելիությունն ու ապագան:
Պատերազմից անմիջապես հետո ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններով հանդես գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետություններում կենսական պահանջ դարձած փոփոխությունների և ճգնաժամային կառավարման համար:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության սահմանադրական կարգավորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անհապաղ հրաժարականի պահանջը և, ավելին, մեր պատրաստակամությունը հայտնեցինք քաղաքական խորհրդատվությունների միջոցով համախոհության միջավայր ձևավորելուն:Հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի ստեղծված կացությունը: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները: Սակայն, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը շահագրգռված չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ:
2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խորհրդարանում մեկ ընդ մերթ ստեղծվող ու քանդվող, խմբակային նեղ շահերից դրդված անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասին: Դրան հակառակ՝ ԱՀ նախագահը և իր ձևավորած իշխանական ուռճացված թիմը հանրության համար անհասկանալի քարոզչական արշավ ծավալեց՝ աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակի, պահեստազորայինների ու կամավորականների, վերջին հաշվով՝ ժողովրդի վրա:
Արցախի այսօրվա իշխանություններն ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը: Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:
Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Հարությունյանին, սթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը և ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:
Միաժամանակ հաշվի առնելով Արցախի բնակչության շրջանում գերիշխող հանրային տրամադրությունները՝ պահանջում ենք Արցախի գործող նախագահից և իշխանություններից զերծ մնալ ՀՀ-ում կայանալիք արտահերթ ընտրություններին գործող իշխանություններին որևէ կերպ աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից:
Ք.Ստեփանակերտ
20 մայիս, 2021թ
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
16:12 11-07-2018
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ
1425 դիտում
20:00 24-03-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդիպել են Արցախի ՄԻՊ թեկնածուի հետ
Այս բաժնից
724 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
814 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
631 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել