Արձանը չի համապատասխանում նախապես համաձայնեցված էսքիզին. Ստեփանակերտի քաղաքապետարան
Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների պատասխանատուներն այսօր՝ մայիսի 23-ին, տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի վրա պատկերներին ու գրություններին եւ արձանագրել, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էսքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար:
Այսօր քաղաքային իշխանությունների պատասխանատուները տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի վրա պատկերներին ու գրություններին: Նրանք արձանագրել են, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը»: