211652_close_icon
views-count2548 դիտում article-date 13:52 13-05-2021

Սև լճի հատվածում Ադրբեջանի զինուժը երեկ հատել է ՀՀ պետական սահմանը, իրադրության էական փոփոխություն չկա, գործ ունենք ճգնաժամի հետ. Նիկոլ Փաշինյան

Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա ու իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն ու բախում չկա»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: «Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների առկայության մասին ապատեղեկատվությունը: «Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի Զինված ուժերը հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,- ասաց նա:

«Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային ու պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովեն՝ իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, ու այս խնդիրը մենք պետք է լուծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Սև լճի հարցով:

Նմանատիպ նյութեր