211652_close_icon
views-count5206 դիտում article-date 10:49 13-05-2021

Ողբերգությունն այն է, որ հայաստանցիների մեծ մասը նույնպես հաշտվել է պարտության հետ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․ «Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը փակված է, ավելին՝ Լեռնային Ղարաբաղ անունով միավոր Ադրբեջանում չկա, իսկ կարգավիճակի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է: Ալիեւը հեգնանքով նշել է նաեւ, որ եթե աշխարհում կան գործիչներ, որոնք ցանկանում են կարգավիճակ տալ Ադրբեջանում ապրող հայերին, ապա նա դեմ չէ՝ թող իրենց երկրներում լավ տեղ գտնեն այդ մարդկանց համար եւ ինքնավարություն, թեկուզ անկախություն շնորհեն նրանց: Բայց Ադրբեջանում դա տեղի չի ունենա:

Պարզ է, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական եւ հատկապես միջազգային ասպարեզում պատերազմի արդյունքների ամրապնդում: Եթե վերանանք էմոցիաներից, ապա պետք է ընդունենք, որ ցանկացած երկրի ցանկացած ղեկավար պատերազմում հաղթելուց հետո պետք է փորձի նույնն անել: Բայց կարեւոր է մեկ այլ հարց. աշխարհի ազդեցիկ ուժերին հետաքրքրու՞մ է՝ արդյոք հայերը կապրեն Արցախից մնացած 3.3 հազար կիլոմետր տարածքում: (Կարծում եմ, պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի տիրապետության տակ այդ տարածքը հայաթափվելու է): Բացի Ռուսաստանից՝ այդ հարցը ոչ մեկին լրջորեն չի հուզում: Ռուսաստանն էլ, իր հերթին, այդ փոքրիկ (աշխարհաքաղաքական առումով) հողակտորն իր բնակչությամբ կարող է ծախել Թուրքիայի վրա շատ թանկ գնով, իսկ Թուրքիան, կարծում եմ, պատրաստ է դրա համար շատ բարձր գին վճարել: «Գին» ասելով, իհարկե, նկատի ունեմ ոչ միայն փողը՝ փոխհատուցումը կարող է լինել, օրինակ, Սիրիայում լուրջ զիջումների տեսքով: Արցախի վերջնական հայաթափումը (մի բան, որ չի հաջողվել անել դարերի ընթացքում) Թուրքիայի համար պատմական, ռազմավարական խնդիր է, որի համար այդ երկիրը կգնա նման քայլերի:

Եվ դարձյալ հարց՝ իսկ ո՞րն է, այս ամենը հաշվի առնելով, հայկական կողմի դիրքորոշումը: Մեր ԱԳ նախարարությունը եւ վարչապետը երբեմն անում են հայտարարություններ, որ իրենք համաձայն չեն հարցը փակված լինելու պնդումների հետ, որ պետք է լինեն բանակցություններ, պետք է որոշվի Արցախի կարգավիճակը եւ այլն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նման հայտարարություններն արվում են «հավուր պատշաճի», իսկ իրականում մեր իշխանությունը համակերպվել է «դե-ֆակտո» ստեղծված իրավիճակի հետ եւ կենտրոնացած է մի խնդրի վրա՝ ինչպես, ինչպիսի «ֆռիկներով» կարելի է վերարտադրվել:

Բայց ամենացավալին դա չէ: Ողբերգությունն այն է, որ հայաստանցիների մեծ մասը նույնպես հաշտվել է պարտության հետ: Փողոցում հանդիպած մարդիկ ինձ չեն հարցնում՝ «բա ի՞նչ եղավ մեր հայրենիքի այն մասի հետ, որտեղ առնվազն երեք հազար տարի հայեր էին ապրում»: Նրանք հարցնում են՝ «ո՞վ է անցնելու՝ Քոչարյա՞նը, թե՞ Նիկոլը»»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր