211652_close_icon
views-count1276 դիտում article-date 19:36 10-05-2021

ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական
վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել
դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` հետաձգվել է:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշեց, որ նոյեմբերից մինչ այսօր շատ  իրադարձություններ  են  տեղի  ունեցել մեր երկրում. «Հայաստանը ծանր ու դժվար պատերազմի միջով անցավ:

Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ադրբեջանը խախտեց ղարաբաղյան կոնֆլիկտը  խաղաղ  ճանապարհով
լուծելու   միջազգային  պայմանավորվածությունը»:

Խորհրդարանի փոխնախագահն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է, որը դեռ լուծված չէ:

ԱԺ նախագահի տեղակալը նշեց նաեւ, որ Հայաստանը շրջափակված երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: 

Հանդիպմանը կարեւորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, որը յոթ ամիս անց դեռեւս չի  լուծվել: 

Նա ընդգծեց, որ միջազգային կառույցների ճնշումն այս առումով ավելանում է նաեւ ֆրանսիացի գործընկերների միջոցով, ինչի համար փոխխոսնակը շնորհակալություն հայտնեց:

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցեց իրենց անկեղծ, ջերմ ու համերաշխ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա խնդրեց ներկայացնել իրավիճակն արտացոլող փաստերի առաջնահերթությունը գործընկերներին փոխանցելու եւ համապատասխան բանաձեւ պատրաստելու համար:

Լենա Նազարյանը, ներկայացնելով գործողությունների առաջնահերթությունը, առանձնացրեց ռազմագերիների  վերադարձին,  Արցախում մշակութային արժեքների պահպանությանը եւ Արցախի ճակատագրին վերաբերող  հարցերը: Այս համատեքստում փոխնախագահը կարեւորեց բանակցությունների՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության ձեւաչափի վերականգնումը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները պատրաստակամություն
հայտնեցին օժանդակելու բարձրացված հարցերի լուծմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր