211652_close_icon
views-count2756 դիտում article-date 13:57 15-04-2021

Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության մաս կկազմեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ու Ոստիկանության զորքերը

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցված հարցերի թվում ընդունվեց Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին որոշում, ըստ որի՝ առաջարկվում է ՀՀ իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն:

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառման բյուջեն կազմում է 25.000.000 դրամ։ Այդուհանդերձ, որոշակի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն նաև պետական բյուջեից, որն ուղղված է լինելու, մասնավորապես, աշխատավարձերի ու վարձատրությունների վճարմանը:

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը։

Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։

Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։

Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավարին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան նշանակելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ,

Այսպիսով, Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝
-       Ոստիկանություն
-       Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
-       Ոստիկանության զորքեր։

Նախարարության ենթակայությանն է հանձնվելու նաև ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետևյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

-       Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,
-       Միջազգային համագործակցության վարչություն,
-       Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,
-       Հակակոռուպցիոն վարչություն։

Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետևյալ աջակցող ստորաբաժանումները՝

-       Իրավաբանական վարչություն,
-       Ֆինանսաբյուջետային վարչություն,
-       Տնտեսական վարչություն,
-       Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,
-       Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն,
-       Գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,
-       Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։

Նախարարության նման կառուցվածքի պայմաններում նախատեսվում է ոստիկանության հիմնական մասնագիտական և աջակցող ստորաբաժանումների հետևյալ դասավորությունը.

Ոստիկանության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ

-               Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն,
-               Ոստիկանության զորքերը,
-               Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն,
-               Պետական պահպանության գլխավոր վարչություն,
-               Շտաբ,
-               Օպերատիվ փնտրողական վարչություն,
-               Պարեկային ծառայություն (վարչության իրավունքով),
-               Օպերատիվ կառավարման կենտրոն (վարչության իրավունքով),
-               Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով),
-               Բժշկական վարչություն,
-               Փորձաքրեագիտական վարչություն։

Ոստիկանությանն աջակցող ստորաբաժանումներ ևս կստեղծվեն:

Ոստիկանության համակարգի մաս են կազմում նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար նախատեսվում է հետևյալ կառուցվածքը.

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հիմնական մասնագիտական  ստորաբաժանումներ
·         Ծրագրերի, հսկողության և վիճակագրության բաժին,
·         Բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժին,
·         Քաղաքացիության շնորհման և դադարեցման բաժին,
·         Քաղաքացիության պարզման և վերադարձի բաժին,
·         Ապաստանի հարցերի բաժին,
·         Վիզաների  և կացության բաժին,
·         Օտարերկրացիների վերադարձի բաժին,
·         Անձնագրային բաժին։

Միգրացիայի  ու  քաղաքացիության  ծառայության աջակցող ստորաբաժանումներ ևս կստեղծվեն:

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության համակարգի մաս են կազմում նաև ծառայության տարածքային ստորաբաժանումները։

Նմանատիպ նյութեր