211652_close_icon
views-count1225 դիտում article-date 19:40 14-04-2021

«Համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները». Կառլեն Խաչատրյան

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի  կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր ԵՊՀ
հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես, անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` կառավարության և
ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված 15 անդամների հրաժարականների հարցին, ամբիոնի վարիչը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ճգնաժամային վիճակ են ստեղծում ԵՊՀ-ում:

«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է ՀՀ կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք հենց կառավարության կամ նախարարության քվոտայով են նշանակված: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ 11 հոգին հենց նույն օրը՝ ապրիլի 8-ին են դիմում գրել, այնուհետև 3-ը` ապրիլի 9-ին, 1-ը` ապրիլի 12-ին: Ընդ որում, դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Վազգեն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացածը 14-ը 1-2 տողանոց դիմումներ են գրել, որ խնդրում են դադարեցնել իրենց լիազորությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում»,- ասաց Կառլեն
Խաչատրյանը:

Վերջինս հավելեց, որ,  ըստ էության, պատճառաբանություն չկա, և ակնհայտ է, որ խորհուրդն այս դիմումների մասին երեք տարբեր նամակների միջոցով իմացել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի միջոցով. «Այդ նամակները ԵՊՀ խորհուրդ հասել են ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը, թերևս, ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել մյուս անդամների վրա ճնշում գործադրել, որովհետև համալսարանի կանոնադրությունը հստակ ամրագրում է, որ եթե 16 անդամ, այսինքն՝ անդամների 50%-ը, հրաժարականի դիմում է ներկայացնում, ապա խորհրդի լիազորություններն ավտոմատ դադարեցվում են: Բայց փաստացի այս պահին, բարեբախտաբար, կարող ենք նշել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ուղղակի մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել:

Կազմակերպչական բնույթի որոշակի բարդություն է ծագել, սակայն համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները»:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է իշխանության ուզածը, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ նախորդ նիստը նույնպես տապալվեց, քանի որ օրակարգային հարցերից էր նաև ռեկտորի ընտրությունը. «ԿԳՄՍ նախարարը հայտարարել էր, որ ռեկտորի ընտրություն պետք է լինի բացառապես նոր օրենքի համաձայն՝ 9 հոգանոց խորհրդի միջոցով (5+4 սկզբունքով): Այսինքն՝ նախարարությունն ուզում է մեծամասնություն լինել խորհրդի կազմում: Այլ հիմնավորում չեմ տեսնում»:

Կառլեն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ անգամ այս կազմով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իրավազոր է, լեգիտիմության հարց լինել չի կարող:

Երևանի պետական համալսարան-YSU

Նմանատիպ նյութեր