211652_close_icon
views-count165415 դիտում article-date 20:38 09-04-2021

Մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում. «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտանբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

  Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր»  կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի  հարվածից ստացած վնասվածքներ:

Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի  ծառայողները՝  Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ  Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանոցի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է  ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: 

Ոստիկաններն ու քննիչները  սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի  9-ի փողոցում հրազենի գործադրմամբ  տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:

 Տեղում է նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը:

 Այս պահին Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել  է կրակված գնդակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը  ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի  հոգեհանգստի արարողությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր