211652_close_icon
views-count1967 դիտում article-date 22:30 30-03-2021

Կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու. վարչապետը՝ ԱԽ նիստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին իր ելույթում ասել է.

«Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի և Արցախի շուրջ ու մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում: Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը՝ ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն ու բնականոն զարգացման համար:

Իհարկե, տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից և մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որն ունի սեզոնային բնույթ և մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային:

Մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով և մյուս կողմից իհարկե պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, մենք պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության: Ընդհանրապես, կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու: Հարցն էական է և ուշագրավ, բայց ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնենք: Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից:

Մենք պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատև, կայուն զարգացումը, նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է: Այնպես որ այսօր մեզ հաջող և արդյունավետ քննարկում եմ մաղթում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր