211652_close_icon
views-count3594 դիտում article-date 14:48 04-03-2021

«Երկար եմ փնտրել՝ գտնելու նրա ընտանիքը, որ փոխանցեմ հերոս որդուց մնացած վերջին հուշը, անունն Արարատ էր». ԵՊԲՀ օրդինատորը, որպես հուշ պահում է զոհված հերոսի խաչը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմի ժամանակ բժշկական մայր բուհի  կլինիկական օրդինատոր Վահրամ Գաբրիելյանը աննահանջ պայքարել է վիրավոր զինծառայողների կյանքի փրկության համար: 

Նա սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի  մանկական  անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի երկրորդ կուրսում:
 
Միաժամանակ, աշխատում է  «Շտապբուժօգնություն» ծառայությունում և «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում՝  որպես հերթապահ բժիշկ:  Նա ղեկավարել է նաև Քովիդ-19-ի դեմ պայքարի համար «Նորք ինֆեկցիոն» բուժկենտրոնում ստեղծված Մոդուլային բաժանմունքը: 

Պատերազմի առաջին  օրից «Շտապբուժօգնություն» ծառայությունը ներգրավվել է վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքին: Վահրամ Գաբրիելյանը շտապօգնության ավտոմեքենաներով Արցախից Հայաստան վիրավորներին տեղափոխող բժիշկներից է: 

«Պատահում էր, որ անընդհատ հրետակոծությունների ու հրթիռակոծությունների պատճառով չէինք կարողանում դուրս գալ, մեկ-երկու օր մնում էինք Ստեփանակերտում:  Շտապօգնության ռեանիմացիոն բրիգադի հետ գնացել եմ ծայրահեղ ծանր վիրավորներին տեղափոխելու»,-նշում է Վահրամ Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ դեղերի, բուժսարքավորումների կարիք չեն ունեցել:  

«Ռազմաճակատ գնացել էինք  մեծ գիտակցումով՝ փրկելու հայրենիքի համար առողջությունը վտանգած զինծառայողներին»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը: 

Ամենատպավորիչ ու հուզիչ դրվագներից մեկը Վահրամ Գաբրիելյանի համար եղել  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, ծանր վիրավոր զինվորի տեղափոխումը Երևան: 
«Ցավոք, հնարավոր չեղավ փրկել նրա ոտքերը, երկու ոտքն էլ անդամահատվեց»,- հիշում է Վահրամը: 

Պատերազմից հետո նա հետաքրքվել է և գիտի, որ զինծառայողը ապաքինվում է: Շուտով նրան  կպրոթեզավորեն և ոտքի կկանգնի: 
Վահրամ Գաբրիելյանը  ցավով ևս մեկ դեպք է մտաբերում:  Մաշկային ծածկույթի 100 տոկոս այրվածքով զինծառայողին, որի կյանքը փրկել, ցավոք, չհաջողվեց. 
 
«Նա Երևան տեղափոխվեց ուղղաթիռով:  Պարանոցին փայտե խաչ կար, որն ինձ մոտ է մնացել:  Երկար եմ փնտրել՝ գտնելու նրա ընտանիքին, որ փոխանցեմ հերոս որդուց մնացած վերջին  հուշը, անունն Արարատ էր»,- ասում է ապագա անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգը:
 
Զոհված զինծառայողի մասին Վահրամ Գաբրիելյանը այլ տվյալներ չունի, բայց շարունակում է փնտրել նրա ընտանիքին: 

«Մենք բուժօգնություն էինք ցուցաբերում վիրավոր տղաների, որոնք ցանկանում էին բժշկական միջամտությունից հետո կրկին վերադառնալ առաջնագիծ»,- ասում է Վահրամ Գաբրիելյանը: 

Կլինիկական օրդինատորը ակնածանքով է խոսում  նաև Արցախի  երեք հերոսի մասին, որոնց ևս շտապօգնության մեքենայով տեղափոխել է Երևան:  
«Մի անգամ  տեղեկացա, որ առաջնագծին մոտ՝  Հադրութում, բժշկի կարիք կա: Շատ էի ցանկանում գնալ, բայց չէի կարող թողնել շտապօգնության բրիգադին:  Ստեփանակերտի վրա ուժգին ռմբակոծություններից մեկի ժամանակ մենք էլ էինք այնտեղ: 3-րդ օրն էր՝ չէինք կարողանում դուրս գալ: Որոշեցինք անտեսել հրետակոծությունն ու մի կերպ դուրս բերել վիրավորներին: Բարեբախտաբար, անվնաս հասցրինք մայրաքաղաք»,-պատմում է նա: 

Վահրամ Գաբրիելյանի խոսքով՝ դեպքեր են եղել, երբ թշնամին թիրախավորել է շտապօգնության մեքենան:  Հակառակորդի անօդաչու թռչող սարքը երկար հետապնդել է բուժանձնակազմին: Այդ ընթացքում դուրս թռանք մեքենայից: Բարեբախտաբար, հայ զինծառայողները խոցեցին ԱԹՍ-ն:  

«Դրանից հետո երկնքին նայելով էինք գնում- գալիս:  Բոլորս դարձել էինք զինվորական բժիշկ:  Իզուր չէ, որ պատերազմի օրերին Արցախ մեկնած բժիշկներին սկսեցին կոչել «սպիտակ բանակ»:  Եթե Աստված մի արասցե, կարիք լինի, պատրաստ եմ կրկին մեկնել:  Միշտ ընկերներիս էլ եմ ասել՝ բժշկի մասնագիտությունն ընտրել ենք այսօրվա համար: Կարևոր չէ՝ ինչ պայմաններում կհայտնվենք, ինչ զենքով մեզ կթիրախավորի հակառակորդը, եթե  կարիքը կա, պետք է այնտեղ լինենք վերևից իջնող  հրեշտակի նման, որովհետև այդ լույսը դու ես զինվորի համար.  ամեն վայրկյան առաջնագծում կռիվ տվող զինվորը կարող է բժշկի կարիք ունենա»,- եզրափակում է պատերազմի մասնակիցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԵՊԲՀ օրդինատորը որպես հուշ պահում է զոհված հերոսի խաչը՝ նրա հարազատներին փոխանցելու ակնկալիքով Պատերազմի ժամանակ...

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on 2021 թ. մարտի 3, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր