211652_close_icon
views-count4766 դիտում article-date 11:57 04-03-2021

«Իմ քայլը» և հարակից պատգամավորների՝ ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի որակը բացահայտեցին նրանց իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ ԲԴԽ նախագահի մասնակցությամբ հարցուպատասխանին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության (հարակից) պատգամավորների կողմից ուղղված հարցերի բովանդակությունն ու որակը բացահայտեցին այս պատգամավորների իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ:

Այս մարդիկ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի, իրենց վերագրելով ժողովրդից ընտրված լինելու իշխանությունը:

«Իմ քայլի» և հարակից պատգամավորներ, հիշեցնում եմ ձեզ, որ՝

պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ԲԱԺԱՆՄԱՆ ու հավասարակշռման հիման վրա (Սահմանադրության 4-րդ հոդված).

դատական իշխանությունը, այդ թվում՝ ԲԴԽ-ն, ձեզ հաշվետու չէ.

ժողովուրդը ձեզ ընտրել է, որպեսզի օրենսդիր իշխանությանը բնորոշ գործառույթ իրականացնեք, այսինքն՝ ընդունեք որակով և անհրաժեշտ օրենքներ, այլ ոչ թե՝ դատարաններ շրջափակեք, հակասահմանադրական եղանակով Սահմանադրություն փոխեք, միջամտեք դատական իշխանության գործերին:

Հ.Գ. Քրեական օրենսգիրքը 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար, որը դրսևորվել է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»:

Նմանատիպ նյութեր