211652_close_icon
views-count102473 դիտում article-date 10:36 03-03-2021

Երևանում թալանել են նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հոր՝ Շենգավիթի դատարանի նախկին նախագահ Սուրիկ Կոստանյանի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 68-ամյա Սուրիկ Կոստանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա ամրացված 77 GD 777 համարանիշները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանները հիմնական վարկած են համարում այն, որ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելու ընթացքում համարանիշներն ընկած լինեն, իսկ արդեն ժամանելով Իսահակյան փողոց՝ պարզել են, որ ավտոմեքենայի վրա ոչ մի արտաքին միջամտություն չկա և այն կարծիքին են, որ ավտոմեքենան չի թալանվել։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ համարանիշը գտնելու ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Կոստանյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահն է, իսկ նրա որդին՝ Գևորգ Կոստանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազն էր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր