211652_close_icon
views-count1242 դիտում article-date 17:46 01-03-2021

Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՄԻՊ

Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
 
1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները:
Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝ որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների աշխատանքով:
 
2. Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:
 
3. Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է:
Խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական:
 
4. Հետևաբար, այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը:
 
5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում:
Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները:
 
6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ:
 
7. Խաղաղ հավաքների ազատության հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:
Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:
 
8. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա մեր երկրի միջազգային պարտավորությունն է:
 
9. Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է մեջբերում Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները. հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը:
Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող հավաքներից մեկի արգելման համար:
 
10. Ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության ապահովումը:
 
11. Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր:
 
12. Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:
 
13. Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների մասնակիցների միջև:
 
14. Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:
Պետք հաշվի առնել, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:
 
15. Թե՛ իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության հավաքների ու հնարավոր երթերի ընթացքում կազմակերպիչները պետք է բացառեն վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող բառապաշար ու գործողություններ:
 
16. Վերը նշվածից բացի, երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին:
Նման ահազանգեր են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդպիսի հրապարակային պնդումներ են արել մի շարք հանրային գործիչներ՝ կապված մարզպետարանների անմիջական ներգրավածության հետ:
 
17. Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին:
Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը, երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը:
 
18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև Ոստիկանության 2021թ. փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին:
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց մասնակցության հետ:
 
19. Ողջ վերը նշվածի ամփոփմամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:
 
20. Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:
 
21. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
01.03.2021թ.
 

Նմանատիպ նյութեր