211652_close_icon
views-count3014 դիտում article-date 23:02 18-02-2021

«Այն եզդի կնոջ ճամպրուկը»․ նոր վեպ հայ իրականության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել կողք-կողքի:

Ահա մի փոքր ակնարկ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից եզդիների մասին: Այս համայնքը համարվում է ամենամեծը մեր երկրում: Նրանք կողք-կողքի գտնվելով հայերի հետ մասնակցում են տարբեր ռազմա-հայրենասիրական, մշակութային, ազգագրական,ինչպես նաև քաղաքական ծրագրերի: Եզդիները Հայաստանը համարելով իրենց հայրենիք մարտնչել են Արցախյան գոյամարտին: Սրա վառ ապացույցն է հանդիսանում Եզդիական շարժումը Հայաստանում: Այն  սկիզբ է առել 1988 թվականին․ 1989 թվականի սեպտեմբերի 30-ին հրավիրված եզդիների համահայկական 3-րդ ժողովի ժամանակ (նախորդ երկուսը տեղի էին ունեցել Խորհրդային Հայաստանի կազմավորման սկզբում՝ 1921 և 1923 թվականներին) նրանք կոչ են արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել նրանց ինքնությունը։ Արդյունքում՝ Խորհրդային բնակչության 1989 թվականի մարդահամարի ժամանակ եզդիները ճանաչվեցին որպես առանձին փոքրամասնություն։ Նույ մարդահամարի համաձայն՝ Հայաստանում եզդիների ընդհանուր թիվը կազմում էր 52 700 մարդ։

Արցախյան պատերազմին մասնակցել են ավելի քան 500 եզդիներ։ Եզդիական «Ջանգիր աղա» ջոկատը մասնակցում էր պատերազմին Ազիզ Թամոյանի գլխավորությամբ։ Երիտասարդ սերնդից հերոսաբար նահատակվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի բնակիչ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանակիր Քյարամ Քյալաշի Սլոյանը:

Հիմք ընդունելով այս ամենը ցանկանում եմ ներկայացնել իմ բարեկամներից մեկի կողմից հրատարակած գրքի մասին կայացած հարցազրույցը: Այսպիսով օրեր առաջ տեղեկացանք, որ լույս է տեսել «Այն եզդի կնոջ ճամպրուկը» անունը կրող վեպը։ Վեպի հեղինակն է Երևանի Պետական Համալսաևանի աշխատակից, իրանագիտության ամբիոնի դասախոս Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Թերեզա Ամրյանը, որն այս անգամ ընթերցողին ներկայանում է գեղարվեստական աշխատանքով։

Վեպն իրենից ներկայացնում է մի եզդի կնոջ կյանքի պատմություն, որը սերտորեն առնչվում է եզդի ժողովրդի ճակատագրի և անցած ճանապարհի հետ։ Գիրքը ընթեցողի առջև բացում է Հայաստանաբնակ եզդիների կյանքի յուրահատուկ մանրամասները:  Եվ ահա Փետրվարի 18-ին, , LOFT-ում տեղի ունեցավ Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը համընկավ եզդիական Խըդըր Նաբի տոնակատարության հետ: Շնորհանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով  հանդես եկավ ինչպես նաև շնորհանդեսը վարում էր հայ գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական Համալսարանի հայ գրականության ամբիոնի դասախոս, Հայաստանի Գրողների Միության անդամ, խմբագիր, լրագրող, գրքի խմբագիր Հայկ Համբարձումյանը։  Նա հակիրճ ներկայացրեց Թերեզա Ամրյանի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին: Այնուհետև ելույթներով հանդես եկան Գրանիշ կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանն, ով շնորհավորելով հեղինակին առաջարկեց, որպեսզի առաջիկա ստեղծագործությունները գրի արդեն փոքր-ինչ փոխված ժանրով: Ելույթ ունեցավ նաև նրա գործընկերներից Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պարսից գրականության դասախոս, գրականագիտական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը:Միջոցառումն ընթանում էր հարց ու պատասխանի և քննարկման ջերմ մթնոլորտում, որի ընթացքում գրքի հեղինակն ու խմբագիրը պատասխանում էին գրականագետների, գործընկերների ու ընթերցասեր հասարակության հուզող հարցերին:

Հեղինակի խոսքերով՝ գրքի շնորհանդեսը հետաձգվել էր երկրում տիրող համավարակի ու պատերազմական դրության պատճառով: Նա նշեց նաև, որ գրքի առաջին ընթերցողն է եղել իր դասախոս վաղամեռիկ Լյուսյա Ղազարյանը: Հեղինակը խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին՝նշելով այն փաստն, որ արդեն աշխատում է նոր վեպի վրա:

Հատկանշական է այն հանգամանքն, որ այստեղի հանդիսատեսի մեջ կային այնպիսի մարդիկ, ովքեր ծագումով եզդի էին, կամ ապրել էին իրենց միջավայրում:Միջոցառման ընթացքում խոսվեց գրքի ռուսերեն լեզվով թարգմանության մասին, որը մոտ ապագայում կգտնի իր ընթերցողներին:Միջոցառման վերջում Թերեզա Ամրյանն ու գրքի հեղինակ Հայկ Համբարձումյանն իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներից՝ հույս հայտնելով,որ մոտ ապագայում կհանդիպեն նոր հրատարակությունների շնորհանդեսներին:Երեկոյի ընթացքում ընթերցասերները հնարավորություն ունեցան ձեռք բերել գիրքը հեղինակի մակագրությամբ։ Շնորհանդեսից հետո զրուցեցինք գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ: 

-Նախ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով:
-Շատ շնորհակալություն:
  Թերեզա, օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Ձեր վեպը՝ «Այն եզդի կնոջ ճամպրուկը», և շուտով ընթերցողը կկարողանա դա ձեռք բերել։ Խնդրեմ, պատմեք ինչպես կատարվեց վեպի լույս ընծայումը։
Այս տարի ապրիլին «Զանգակ» հրատարակչությունը հայտարարել էր պատմվածքի մրցույթ՝ «Նամակներ պարետին» խորագրով։ Մրցույթը լավ հնարավորություն էր տարբեր ստեղծագործողների համար՝ կիսվելու թագավարակի, արտակարգ դրության ժամանակ ունեցած հույզերով, պատմություններով, ապագայի նկատմամբ հույսով, լավատեսությամբ կամ մտավախություններով։ Մրցույթի արդյունքում ժյուրին ընտրեց քսան պատմվածք, և տպագրվեց «Նամակներ պարետին» պատմվածքների ժողովածուն։ Դրան զուգահեռ հրատարակչությունը սկսեց համագործակցել պատմվածքների հեղինակների հետ՝ այլ ստեղծագործություններ լույս ընծայելու նպատակով։ Այդ համագործակցությունն էլ ինձ հնարավորություն տվեց՝ ներկայացնելու իմ չհրատարակված գործերը։ Արդյունքում լույս տեսավ «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպը:  
Ինչի՞ մասին է գիրքը, ովքե՞ր են գրքի հերոսները, ինչպիսի՞ն է գլխավոր հերոսը։
 Գրքում պատմվում է Հայաստանաբնակ եզդի կնոջ կյանքի ճանապարհի, նրա առջև ծառացած խնդիրների և դրանք հաղթահարելու մասին։ Գրքի հերոսներն իմ մարդիկ են․ գլխավոր հերոսուհին իմ նախատատն է՝ քնքուշ և զորեղ մի կին, որի կերպարի և նրա անցած ճանապարհի միջոցով ընթերցողն ավելի լավ կտեսնի եզդի կանանց աշխարհը, նաև կծանոթանա հայերի հարևանությամբ հայտնված եզդիների ճակատագրին։
 Ի՞նչ ուղերձ ունի գիրքը։ Ինչի՞ մասին է այն պատմելու իր ընթերցողին։
 Կարծում եմ ուղերձները շատ են, ընթերցողը կտեսնի ոչ թե մի ուղերձ, այլ բազմաթիվ և տարբեր ուղերձներ․ օրինակ՝ աղջիկներին և կանանց կրթություն ստանալու հնարավորությունից չզրկելու, լուսավորության միջոցով ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու, ինքնությունը պահպանելու և զարգանալու ուղերձը և այլն։ Ես կցանկանայի հատկապես առանձնացնել խաղաղության ուղերձը։ Դեգերումներից հոգնած իմ հերոսերն ու հերոսուհիներն այնքա՜ն ծարավ են խաղաղության։
 Տարիներ առաջ ես ներկա էի Ձեր մենագրության շնորհանդեսին, որը գիտական աշխատանք էր, մինչդեռ նոր գիրքը վեպ է հետաքրքիր է ինչպիսի՞ն է Ձեզ համար անցումը գիտական գրվածքներից դեպի գեղարվեստական ստեղծագործություն։
 Գեղարվեստական  տեքստեր գրելը նոր չէ ինձ համար, այն միշտ էլ տեղ ունեցել է իմ կյանքում։ Գրելը իմ պատմությունները թղթին հանձնելու, դրանք ինքս ինձ պատմելու հնարավորություն է եղել։ Պարզապես նախկինում իմ գրածները չէին հասնում ընթերցողներին․ դրանք կա՛մ ես էի ընթերցում, կա՛մ ընթերցում էին շատ մտերիմ մարդիկ միայն։ Բայց ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ իմ նախատատի մասին պատմող պատմվածքներիցս մեկը անցյալ տարի աշնանը հայտնվեց «Գրանիշում»։ Ընթերցողի արձագանքն ու հետաքրքրությունը ինձ քաջալերեց։ Ես սկսեցի իմ գրվածքները պատմվածքների տեսքով ներկայացնել ընթերցողին։ 
 Ապագայում նոր գործեր լույս ընծայելու պլաններ ունե՞ք։
 Նպատակ ունեմ իմ պատմվածքները ժողովածուի տեսքով տպագրել։ Բայցի այդ, աշխատում եմ մեկ այլ վեպի վրա, որը մոտ ապագայում կհանձնեմ իմ խմբագրի դատին, հետո էլ հուսով եմ՝ արդեն ընթերցողին։
 Երբեմն գրականագետներից լսել եմ հետևյալ միտքը՝ «վեպը պետականության ժանր է»։ Կարծում եմ ընթերցողին հետաքրքիր կլինի կարդալ մի վեպ, որը գրվել է պետականություն չունեցող եզդի ժողովրդի զավակի կողմից։  
 Այո՛, ցավոք, եզդի ժողովուրդն այսօր չունի պետականություն, ավելին՝ մինչ օրս եզդիները ճնշված են իրենց իսկ հարազատ բնօրրանում։ 2014 թվականին աշխարհի աչքի առջև կատարվեց Սինջարի եզդիների ցեղասպանությունը։ Դուք ճիշտ եք, «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպի հեղինակը ազգային պետություն չկերտած ժողովրդի զավակ է․ վեպի հեղինակը, սակայն, Հայաստանաբնակ եզդի է, որ վայելել և վայելում է հայոց պետականության բոլոր ձեռքբերումները։

 Դուք Ձեր վեպը նվիրել եք Ձեր դասախոս Լուսյա Ղազարյանի հիշատակին։ Հետաքրքիր է՝ արդյոք վեպի մեջ ընթերցողը կտեսնի Ձեր դասախոսի կեպարը։
Տիկին Ղազարյանն իմ գրածների առաջին ընթերցողն ու գնահատողն էր․ երբեմն համակարգիչս վերցնում, նստում էի նրա կողքին ու ասում․ «Կուզե՞ք մի բան կարդալ»։ Չեմ կարող առանց հուզվելու հիշել, թե  ինչպես էր իմ դասախոսը փորձում ինձ սովորեցնել կիսվել իմ գրածներով ոչ միայն մտերիմների, այլև ուրիշ մարդկանց հետ․․․ Ընթերցողը կտեսնի իմ դասախոսի գեղեցկությունն ու իմաստնությունը վեպի հայ հերոսուհիներից մեկի կերպարի մեջ։

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր