211652_close_icon
views-count1616 դիտում article-date 12:59 18-02-2021

Սահմանապահ գյուղը. բացահայտում ենք Բերդավանը․ Գարիկ Ավետիսյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծառայության բերումով ես տևական ժամանակ այցելում էի մի շարք բնակավայրեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Յուրաքանչյուր այցից հետո փորձում էի յուրովի բացահայտել իմ այցելած բնակավայրը, լինի գյուղ, թե քաղաք:

Այցելության ճանապարհին ծանոթանում էի տարբեր սերնդի ներկայացուցիչների ու մասնագիտությունների մարդկանց հետ: Ճանապարհին տեսնում էի հեռվում երևացող հայկական մշակութային կոթողներն, որոնք գտնվում էին կամ հեռվում կամ սարի գագաթին՝անհասանելի, երբեմն վտանգավոր դառնալով ինձ համար:

Իմ ակնարկը ցանկանում եմ սկսել Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ մարզերից մեկից՝ Տավուշից: Մարզը բոլորիս հայտնի է ինչպես իր ճարտարապետական ու պատմական կոթողներով, բերդերով, այնպես էլ գեղեցիկ բնությունով: Այստեղ յուրաքանչյուր շրջան ունի իր սովորույթները, բարքերը, սովորույթները և պատմությունը: Մարդիկ յուրահատուկ են իրենց զբաղմունքով,սակայն բոլորը միավորվում են հիմնականում մի գաղափարի շուրջ, անառիկ պահել սահմանը, մասնակցել գյուղատնտեսական ոլորտի աշխատանքներին  և այլն: Մարզում մարդիկ շատ բարեհամբույր են, յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական վերաբերմունք: Մարզ այցելելիս, մասնավորապես՝ ցանկացած տուն մտնելիս այստեղ կզգաք ինչպես ձեր տանը:

Հերթական ակնարկը նվիրում եմ Նոյեմբերյանի շրջանի սահմանապահ գյուղերից մեկին՝ Բերդավանին: Սա սահմանամերձ գյուղ է՝ գտնվելով   Հայաստանի  Հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, մարզկենտրոնից 54 կմ հյուսիս-արևմուտք, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Կողբ գետի ափին։ Մի քանի խոսքով գյուղի պատմության մասին Հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունում գտնվող գյուղը՝ Բերդավանը, մոտ 200 տարի առաջ եղել է Հայաստանի մեծությամբ 10-րդ բնակավայրը:  Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի համաձայն՝ 1831 թվականին գյուղն ունեցել է 1 078 բնակիչ, բոլորը՝ հայ: Բերդավանից ավելի մեծ եղել են Երևանը, Գյումրին, Նարիմանլուն Մասիս, Սարդարապատը, Ղարաքիլիսան, այսօր Ազատան, Նոր Բայազետը՝ Գավառ, Խնձորեսկը և Բոյուք Վեդին՝ Վեդի:Բերդավանը և դեպի վրաց-ադրբեջանական սահման ձգվող հողատարածքները սահմանակից են Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղին,իսկ հյուսիս-արևելքում՝ Շիխլի-1 և Շիխլի-2 բնակավայրերին: Մինչև Հայաստանի Հանրեպետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի՝ Գանձակ, այսօր Գյանջա նահանգի Ղազախ գավառ կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Բերդավանը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին:

Մինչև Հայաստանի Հանրապետության 1918-1920թթ կազմ մտնելը Բերդավանը եղել է Վրացական նահանգի 1828-1840թթ., Վրաց-իմերեթական նահանգի 1840-1845թթ., Թիֆլիսի նահանգի 1845-1868թթ և Ելիզավետպոլի նահանգի 1868-1918թթ. մաս: Եվ ահա մինչև 1978/82 թվականի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա, թուրքերենից թարգմանվում է Բերդի գետ: Բերդը և եկեղեցին գտնվում են հենց հայ-ադրբեջանական սահմանին:

Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։ Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում: Ինչպես արդեն նշվեց, «Բերդավան»-ը գյուղի նոր անվանումն է իսկ մինչ այդ գյուղը կրում էր «Ղալաչա» անունը։ Վերջինիս ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի գյուղն իր անունը ստացել է տարածքում գտնվող «Ղալինջաքար» ամրոցի անունից (սկզբում՝ «Ղալինջաքարա գյուղ», այնուհետև տարիների ընթացքում հոլովվել ու դարձել է «Ղալաչա»)։

Գյուղը նախկինում գտնվել է 1,5 կմ հարավ-արևելք ընկած Թխաձոր կոչված վայրում, իսկ 1898 թվականին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։ Նախկին տեղում կան մի փոքրիկ բերդի ավերակներ, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։ Այստեղ բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։ Գյուղի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. “Ղալինջաքար” և XIII դարի “Ձիթհանքի” ամրոցներ, XVIII-XIX դարերի սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։

Ինչ վերաբերվում է կրթությանն, ապա կարող եմ ասել,որ  գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին դպրոցում վերանորոգվել է ճաշարանը, որտեղ տարրական դասարանների երեխաներն ամեն օր թարմ սնունդ են ստանում։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան, որտեղ ամեն օր երեխաները լվանում են ատամները՝ դա դարձնելով առողջ սովորություն։ Նշանավոր գյուղի, նրա մարդկանց , հայրենասիրության ու կենցաղային խնդիրների շուրջ կայացած հարցազրույցը գյուղապետ Սմբատ Մուղդուսյանի հետ ներկայացնում եմ ընթերցողներին:

- Մի քանի խոսքով ներկայացրեք այսօրվա Բերդավանը։

Ինչպիսին Հայաստանն է այս պահին՝ պատրաստ նոր մարտահրավերների:

- Ինչպիսի կենցաղային խնդիրներ ունի գյուղը։

Ոռոգման ջրի անհրաժեշտությունն է այս պահին խիստ կենցաղային խնդիր համարվում:

-Լինելով սահմանապահ գյուղ արդյոք հեշտ է հաղթահարել կենցաղային խնդիրները։

Կենցաղային խնդիրները հաղթահարելու ժամանակ կարծում եմ կապ չունի, թե գյուղը ինչ դիրքում է գտնվում, խնդիրը պետք է լուծվի ամեն կերպ:

-Որպես գյուղապետ որքան հաճախակի եք մեկնում առաջնագիծ ու հանդիպում դիրքապահ զինծառայողների հետ։

Մինչ պատերազմը մեր այցերը ավելի շատ եղել են դեպի Արցախ՝ տարին մի քանի անգամ իրականացրել ենք Սահմանից Սահման ծրագիրը, որի շրջանակներում մեծ փաթեթներով մի քանի տարի այցելոում էինք այն բոլոր զորամասերը, որտեղ ունեինք զինվորներ՝ նրանց ուժ և կորով հաղորդելու: 

-Ձեր տպավորություններն առաջնագիծ մեկնելուց ու վերադառնալուց հետո։

Միշտ նման հերոս տղաների հետ շփումը ավելի է մոտիվացրել ինքս ինձ իմ աշխատանքի մեջ: Փաստորեն ավելի շատ երևի ես էի էներգիա ստանում, քան իրենց էի փոխանցում: Հպարտանում էի ամեն անգամ, երբ տղերքը ասում էին շուտով վերադառնալու ենք և մեր գյուղը շենացնենք:

-Քանի որ գյուղը գտնվում է հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունում արդյոք հեշտ է զբաղվել գյուղատնտեսությամբ։

Մեզ համար դիրքերն ու աշխարհագրական վայրը այդքան խնդիր չէ, որքան ոռոգման ջրի բացակայությունը:

-Արդյոք վերջնականապես լուծված են կենցաղային, մասնավորապես գյուղի գազաֆիկացման, լուսաֆիկացման խնդիրները։

Գրեթե լովծված են, լուսավորությունը դեռևս մոտ 80տոկոս , սակայն պետք է կրկնվեմ, բայց ունենք ոռոգման ջրի մեծ խնդիր:

-Ում կնշեք անցյալի նշանավոր ու ներկայիս համագյուղացիներից։

Յուրաքանչյուր մարդ իր գույնով և որակով ամբողջացնում է բերդավանցու իրական հերոսկան պատկերը:

-Քանի որ գյուղը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և խաղողագործությամբ ինչպիսի խնդիրներ կան այս ոլորտում։

Կլիմայի փոփոխության հետ կապված խոտի քիչ առկայությունը, արոտավայրերի խնդիրները, և ջուրը:

-Որպես սահմանապահ գյուղի գյուղապետ որքան հաճախակի եք հայրենասիրական միջոցառումներ, ինչպիսի բնույթ են կրում դրանք։

Այս հարցում թող անհամեստ չթվանք, բայց մեր գյուղը մշակութային գյուղ է, մասնավորապես խիստ ուշադրության ենք արժանացնում հայրենասիրական միջոցառումների կազմակերպումը։
 
-Հիմնականում ինչպիսի խնդիրներով են դիմում համագյուղացիները։

Համագյուղացիները հաճախ իրենք են գալիս կամ զանգում՝ առաջարկելով իրենց օգնությունը հենց գյուղին:

-Արդյոք համագյուղացի երեխաների հետ կազմակերպում եք էքսկուրսիաներ Երևան կամ հարևան սահմանապահ գյուղեր։

Երևան, Թբիլիսի, վայրեր, որտեղ նաև մենք ենք ունենում մշակութային միջոցառումներ:

-Ինչպիսի տրամադրություն էր տիրում  գյուղում վերջին 44 օրյա պատերազմի ժամանակ. Ինչպիսի մասնակցություն ունեցան պանդխտության մեջ գտնվող համագյուղացիները դրան։

Ըստ ինձ մեր համագյուղացիների մեծ մասը ոչ թե պանդուխտ է, այլ որոշակի հոգսերից ելնելով գյուղում չեն, բայց գյուղը միշտ իրենց սրտում է:
Մարդիկ են եղել, որ այդ օրերին հետ են վերդարձել, իսկ մնացածն էլ ֆինանսապես շատ են աջակցել մի բռունցք դարձած և մենք փորձել ենք տեղում ինքնակազմակերպվել և գործել:

-Ներկայումս  ձեր համագյուղացիներից շատերը գտնվում են պանդխտության մեջ ինչ կասեք սրա մասին, ինչ պայմաններ կարող եք ստեղծել նրանց վերադարձի ուղղությամբ։

Գյուղը շատ բաների է պատրաստ, բայց մեր հնարավորությո(նները խիստ սահմանափակ են, հիմա նրանք են մեզ դրսից օգնում: Հույս ունեմ պատերազմից հետո ավելի պետականամետ կդառնանք և երկիը արագ կզարգանա ու դա կնպաստի մարդկանց հետ վերադառնալուն և նոր բիզնեսներ հիմնելուն:

-Ձեր խոսքն ու  մաղթանքը համագյուղացիներին։

Մաղթում եմ ավելի համախմբված լինենք, համայնքային և պետական մտածողության բարձր գիտակցություն, հավատալ նոր հաղթանակների, չընկրկել պարտություններից և տեր լինենք մեր շենին:

Գարիկ Ավետիսյան  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր