211652_close_icon
views-count68373 դիտում article-date 23:18 09-02-2021

Դանակահարություն Երևանի «Ցիտադել» կենտրոնի դիմաց. պատճառը հեռախոսային հաղորդագրություններ ուղարկելն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝  փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  «Աստղիկ»  բժշկական կենտրոնից  ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

 Հիվանդանոցում բժիշկները  ոստիկաններին հայտնել են, որ այդ քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու:

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Արտյոմ Բ.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության  և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են, որ  Արտյոմ Բ.-ն հիվանդանոց է տեղափոխվել  Տերյան փողոցում գործող «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառն էլ եղել է այն, որ Արտյոմ Բ.-ն հեռախոսային SMS հաղորդագրություններ է ուղարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Ն. Կ.-ին, վերջինս էլ այդ մասին հայտնել է իր երկվորյակ եղբորը՝ Նարեկ Կ.-ին: Վերջինս էլ Արտյոմ Բ.-ին հայտնել է, որ չփորձի շարունակել հաղորդագրություններ ուղարկել քրոջը,  սակայն Արտյոմը խոստումը չի կատարել և կրկին հաղորդագրություն է  ուղարկել:

Այդ մասին իմանալով, Նարեկ Կ.-ն հանդիպման  է հրավիրել Արտյոմ Բ.-ին, որի ժամանակ էլ վիճաբանություն է առաջացել և Նարեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտյոմ Բ.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության  կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  Նարեկ Կ.-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Նմանատիպ նյութեր