211652_close_icon
views-count2719 դիտում article-date 11:35 08-02-2021

Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու. ադրբեջանական լրատվամիջոցի հերթական կեղծիքը

Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20 գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի  ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:

«Լուրերը թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա գտնվելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը, դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում:

«Իտալիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը և հուսով է, որ այն ամբողջությամբ կպահպանվի: Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները՝ հույսով, որ դրանք նոր ուղի կբացեն տարածաշրջանում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարությունում: Իտալիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, իր լիակատար աջակցությունն է հայտնում համանախագահ երկրներին:

Նմանատիպ նյութեր