Բռնցքամարտի hայկական ազգային ֆեդերացիան ահազանգում է՝ ՀԲՖ-ն խնդրել է չեղարկել իրենց մասնակցությունը միջազգային մրցաշարին
Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիան այսօր հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նամակով դիմել է Բուլղարիայի ֆեդերացիային՝ խնդրելով թույլ չտալ մյուս ֆեդերացիայի ներկայացուցիչներին մասնակցել Ստրանջայի մրցաշարին և չեղարկել նրանց գրանցումը։
Նամակն ուղարկվել է Ֆեդերացիայի փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանի անունով՝ 2021 թվականի հունվարի 14-ի ամսաթվով։ Կից հրապարակվել է նաև այդ նամակը։
Բուլղարիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Կրասիմիր Ինինսկիին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.
«Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է մասնակցել Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարին, որը կայանալու է փետրվարի 21-ից 28-ը Սոֆիայում:
Մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի բռնցքամարտի միակ պաշտոնական ֆեդերացիան գլխավորում է պարոն Արթուր Գևորգյանը և մեր ֆեդերացիան միակն է, որ ճանաչված է AIBA-ի և EUBC-ի կողմից: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամեն տարի մեզ հետ կնքում է ֆինանսական պայմանագրեր և հաստատում է բոլոր մարզական իրադարձությունները՝ համաձայն մեր օրացույցի:
Մենք տեղեկացել ենք, որ դուք Ստրանջա 2021-ի մասնակցության հայտ եք ստացել նաև հայկական մյուս ֆեդերացիայից ևս, որը պաշտոնական կարգավիճակ չունի, այնպես որ, սա հաշվի առնելով, խնդրում ենք չեղարկել նրանց հայտն ու հաստատել միայն բռնցքամարտի պաշտոնական հավաքականի մասնակցությունը:
Հարգանքով՝ փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյան»: