211652_close_icon
views-count3113 դիտում article-date 18:19 31-01-2021

Համլետ Պետրոսյան. Տիգրանակերտի պեղումների նյութերը արդբեջանցիները ներկայացնում են որպես «անօրեն պեղումների արդյունք»

Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ պատասխանը Բաքվի հերթական զրպարտությանը: Ադրբեջանական մեդիա տիրույթում իմ ՖԲ էջից նկարներ են դնում, որտեղ պատկերված են ի թիվս այլոց նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նյութերի փաթեթավորումը: Տիգրանակերտի պեղումների նյութերը արդբեջանցիները ներկայացնում են որպես «անօրեն պեղումների արդյունք» և այդ իրերի տարհանումը ռազմական գործողությունների գոտուց որակում որպես «ադրբեջանի մշակութային ժառանգության գողություն»: Ուզում եմ հիշեցնել ագրեսիվ պետության կիսագրագետ քարոզիչներին, որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է Արցախի իշխանությունների պաշտոնական հրավերով ու թույլատրությամբ, որ դրանք ֆիանսավորվել են Արցախի պետական բյուջեից: Տիգրանակերտի հնագիտական թանգարանն էլ ստեղծվել և գործել է Արցախի օրինական իշխանությունների որոշմամբ և ֆինանսավորումով: Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է լիարժեք իրավական հիմքով, բարձր պրոֆեսիոնալիզմով, հետազոտության արդյունքները պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտական հանրույթին: Խոսել գաղտնի ինչ-որ ընթացքի մասին` ուղղակի ծիծաղելի է: Նշեմ, նաև, որ ադրբեջանցի հնագետները, որոնք անցած դարի 60-80-ական թվականների աշխատել են այդ տարածքում, ոչ էլ տեսել են հին քաղաքի հնագիտական հետքերը: Հորդորում եմ նրանց այդքան խանդոտ չվերաբերվել նրան, ինչն իրենք ի վիճակի չեն եղել հայտնաբերել: 44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչ մասին մի անգամ չէ, որ ահազանգել ենք: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունները, ես և մեր հետազոտական թիմը չէինք կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը: Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իշխանությունների իրավասության ոլորտում: Խաղաղ պայմանների դեպքում դրանք վերադարձվելու են Ստեփանակերտ և ցուցադրվելու են դրա համար ստեղծվելիք թանգարանում: Արցախի քաղքականապես չճանաչված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Այնպես որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով: Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական մտավարժանքը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006 թթ. Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն ավելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիաի ժամանակ և շարունակվում է ամեն օր: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով: Ես և իմ գործընկերնեը հետայսու էլ շարունակելու ենք Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունը, հանրահռչակումն ու ադրբեջանական վանդալիզմի բացահայտումները: Ագրեսիան, ռազմական գերակայությունը, միջազգային ատյաններին ուղղված հոխորտանքը իրավասու չեն և չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգությամբ իր ինքնությունը պահպանելու իրավունքից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր