1381 դիտում
16:24 28-01-2021
Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ Փաշինյանը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և արտահայտում է Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Մեր երկրների միջև գոյություն ունի և ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն, և ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պատերազմի առաջին իսկ օրվանից նախագահ Մակրոնի, արտգործնախարար Լը Դրիանի ցուցաբերած անձնական ներգրավվածության համար: Իհարկե, մենք շատ ծանր պատերազմի միջով ենք անցել, շատ ծանր ապրումներ ունենք այդ ամենի կապակցությամբ, մեծ թվով զոհեր ենք ունեցել, և շատ բարդ իրադրություն է գոյացել: Եվ այս այցը շատ կարևոր է առկա մարտահրավերներին դիմակայելու և նաև ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով: Մեր քննարկումները և օրակարգը նաև տնտեսական, մարդասիրական ասպեկտներ ունեն, և խնդրում եմ իմ երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ մեր խոսակցության և պայմանավորվածությունների այսպիսի արագ արձագանքի համար»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայի գանձապետարանից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից, և այցը շարունակությունն է Փաշինյանի՝ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած համաձայնության և քննարկումների: «Մեր նախագահի համար շատ կարևոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, և դրանով էր պայմանավորված բարեգործական օժանդակություն տրամադրող մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, որոնք մի քանի տոննա բեռ փոխադրեցին շնորհիվ տարբեր բարեգործական ասոցիացիաների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միացյալ ջանքերի, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության մասին: Հրատապությունից հետո այժմ, ինչպես Դուք նշեցիք, կարևորվում են նաև տնտեսական ծրագրերը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, և այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մի շաբաթ ի վեր ինտենսիվ հանդիպումներ են ունենում ճյուղային գերատեսչություններում»:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական գործընկերության օրակարգին: Կողմերը հեռանկարային են համարել տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային նորարարությունների, հանրային հատվածի թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման ուղղությամբ փոխգործակցությունը: Այս առումով Փաշինյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև գործընկերության զարգացման հնարավորությունը, ինչի հետ ֆրանսիական կողմը համակարծիք է եղել:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև կրթական համագործակցության ընդլայնման մասին, որի հաջող օրինակներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ ֆրանսիական կողմը՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ևս կարևորում է բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցությունը և հետաքրքրական է համարում այս ուղղությամբ աշխատանքի շարունակումը: Մտքեր են փոխանակվել ակադեմիական ավանի հեռանկարների շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
09:22 30-01-2021
ԱՄՆ պետքարտուղարը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող հարցեր․ «Ամերիկայի ձայն»
895 դիտում
18:30 22-11-2023
Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան համագործակցության հարցեր
Այս բաժնից
964 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1156 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել