211652_close_icon
views-count1334 դիտում article-date 12:20 28-01-2021

«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ տպագրվել է «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում» աշխատությունը։ Գիրքը նվիրված է Մեծ Հաղթանակի 75-ամյակին։ Գրքի հեղինակներն են Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս պ. գ. դ. Ստեփան Ստեփանյանը (Կերտող) և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գործադիր տնօրեն, տ․գ․թ․ Վահրամ Կարապետյանը: Մենագրություն-գրքի 17 գլուխներում ներկայացվում է հայ ազգի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում ազգային ռազմական միավորներում, պարտիզանական ջոկատներում, հետախուզական օպերացիաներում: Հեղինակները հավաքագրել են հայերի մասնակցությունը բոլոր ռազմաճակատներում՝ հիմնվելով ոչ միայն հայտնի փաստերի, այլև մինչև այժմ գիտական շրջանառության մեջ չդրված նյութերի վրա: Ներկայացվում է հայերի մասնակցությունը Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ինչպես նաև Ղրիմի և խորհրդա-ճապոնական պատերազմին։ Առանձնակի պատմվում է նաև ԽՍՀՄ մարշալներ Հ․ Բաղրամյանի, Ս․ Խուդյակովի, Հ․ Բաբաջանյանի և նավատորմի ադմիրալ Հ․ Իսակովի գործունեությունը, ինչպես նաև ԽՍՀՄ հայ հերոսների և «Փառքի շքանշանի» ասպետների սխրանքները: Գիրքը հրատարակվել է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։ «Գրքում առկա են արխիվային, փաստագրական և գիտական բազում նյութեր, ինչը հնարավորություն է տալիս բազմակողմանի դիտարկել Մեծ Հաղթանակի համար հայ ազգի դերն ու սխրանքները, բացահայտվում են նոր փաստեր»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Առանձին գլխով ներկայացված է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ընթերցողը կարող է ծանոթանալ նաև հայ հետախույզների և թիկունքի աշխատանքներին, հայ գիտնականների մասնակցությանը ԽՍՀՄ «Ատոմային նախագծում»: Գրքի առաջաբանը հեղինակել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Հայրենական պատերազմի և զինված ուժերի վետերանների միության նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը: «Պատերազմի առաջին օրերից Հայկական ԽՍՀ-ն մոբիլիզացրեց իր ամբողջ ներուժը՝ արտադրությունն ու գյուղատնտեսությունը վերափոխելով ռազմական իրողություններին համապատասխան։ Այս ճակատագրական խնդիրները լուծելուն ծառայում էր կուսակցական և պետական մարմինների, ձեռնարկությունների, կոլխոզների ու սովխոզների, գիտական ու մշակութային հիմնարկների գործունեությունը: Ամբողջ հանրապետությունը՝ որպես մեկ երկրի անբաժան մաս ապրում էր հաղթանակի ոգով և «Ամեն ինչ ճակատի և հաղթանակի համար» կարգախոսով»,- նշվում է գրքի նախաբանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր