211652_close_icon
views-count1251 դիտում article-date 17:29 22-01-2021

Աշխուժություն է նկատվում Հայաստանի բադմինթոնում

Որոշակի աշխուժություն է նկատվում Հայաստանի բադմինթոնում: Մարզաձևի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը տեղաշարժը կապում է նաև համապետական ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ և համամիութենական մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր Հովհաննես Խաչատրյանի արդյունավետ աշխատանքի հետ: Նա ամբողջական սարքավորումներով ժամանակակից երեք նոր խաղադաշտ է տրամադրել բադմինթոնիստներին: Պարապողները խանդավառված են ու բարձր տրամադրությամբ են հաճախում մարզումներին: Նրա շնորհիվ բադմինթոն խաղացող շուրջ երկու հարյուր տղաներ ու աղջիկներ ռակետի և փետրագնդակի պակաս չեն զգում: Ասածը Երևանից բացի, վերաբերում է նաև Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Սպիտակում գործող խմբերին: Գլխավոր մարզչի հետ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը զրուցել է նաև հավաքականի, մասնավորապես առաջատար վարպետ Լիլիթ Պողոսյանի մասին: - Տարիքային բոլոր խմբերի խաղացողներն են հաճույքով ներկայանում մարզումներին, - ասաց Հրաչյա Պողոսյանը: - Պարապողների մոտ առաջընթաց կա: Բայց բավարար քանակի վարկանիշային միավորներ ունեցողներ չունենք: Բացառություն է միայն Լիլիթը, որը վնասվածքի պատճառով տևական ժամանակ դադարել էր մարզվել: Վնասվածքը ապաքինվել է և նա արդեն ասպարեզում է: Ուժերը վերականգնելու համար մարզուհին մեծ տեղ է հատկացնում ընդհանուր ֆիզպատրաստականությանը: Նրան լուրջ քննություն է սպասվում առաջիկայում: Հետայսու տեխնիկատակտիկական պատրաստականությանը ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնի, որպեսզի կարողանա ապրիլին Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հաջող մրցելույթներով ավելացնել իր վարկանիշային միավորների քանակը: Եթե մեր մարզուհուն հաջողվի տեղ գտնել մինչև 16 առաջատարների շարքում, հնարավոր է ստանա Տոկիոյի խաղերում հանդես գալու իրավունք: Մինչ այդ խաղային որակները և մրցափորձը բարելավելու համար նա պետք է մասնակցեր միջազգային երկու մրցաշարի: Բայց համավարակի սահմանափակումների պատճառով Շվեդիա և Դանիա նշանակված մրցումներին մեր մարզուհին չի մասնակցի: Մեզ համար չափազանց կարևոր է բարձրակարգ վարպետներ պատրաստել 2023թ. Լեհաստանում կայանալիք Եվրոպայի մարզական երրորդ խաղերում լիարժեք հավաքական ներկայացնելու համար: Բոլորվին վերջերս Եվրոպայի օլիմպիական կոմիտեի և բադմինթոնի կոնֆեդերացիայի ղեկավարները քննարկել են կարևոր հարցեր: Մարզաձևը հիմնական գրանցում է ստացել խաղերի ծրագրում: 60 մարզիկներ պետք է մասնակցեն Կրակովում հունիսի 9 – 25 –ը նշանակված Եվրոպայի երրորդ խաղերին ՝ հինգ մրցաձևում / մենախաղեր, խառը, զուգախաղեր՝ տղամարդիկ և կանայք /: Այդ ստուգատեսում հաջողակները կավելացնեն իրենց վարկանիշային միավորները , և , բացի այդ խաղարկվելու են նաև << Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Նմանատիպ նյութեր