211652_close_icon
views-count1362 դիտում article-date 10:54 19-01-2021

Սեպտեմբերի 27-ից սկսած մեզ հետ են ՀԻՊԿ-ի համանախագահներ Կ. Ղազարեանը և Գ. Քերքոնեանը, ովքեր, լինելով ԱՄՆ-ում գործող փաստաբաններ, իրենց գիտելիքներն ու փորձն օգտագործում են՝ մեզ աջակցելու համար. ՀՀ ՄԻՊ

Այս պատերազմի առաջին պահից, 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր ու ժամ մեզ հետ են եղել Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի (Armenian Rights Watch Committee) համանախագահներ, ԱՄՆ ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիկ Քերքոնեանը: Պարոն Ղազարեանը գործում է Լոս Անջելեսում, իսկ պարոն Քերքոնեանը՝ Չիկագոյում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նրանք ողջ պատերազմի ընթացքում Արցախում ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը հարցերով կատարել են բացառիկ կարևորության դեր. աջակցել են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանններին մշտադիտարկումներում ու զեկույցներ կազմելիս, արձանագրել ու փոխանցել են ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, ապահովել են ամուր կապեր ԱՄՆ-ում ու այլ երկրներում, միջազգային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Նրանց շնորհիվ ապահովվել է համագործակցություն Սփյուռքի հայկական այլ կազմակերպությունների հետ՝ լինելով կամուրջ Հայկական սփյուռքի և Հայաստանի ու Արցախի միջև: Պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը, շնորհիվ իրենց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, ԱՄՆ հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) միջոցով հանրային լայն իրազեկման աշխատանքներ են տարել ու մինչ օրս շարունակում են տանել պատերազմական գործողությունների, ադրբեջանական իշխանությունների իրական նպատակների ու Արցախում և Հայաստանում նրանց գործած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ: Ընդ որում, նրանք լայն հանրային քննարկումներ են կազմակերպել ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական ու ռազմական ամենազգայուն հարցերով: Շնորհիվ նրանց նվիրված հասարակական գործունեության՝ պատերազմի մասին ճշգրիտ իրազեկվել են ոչ միայն Հայկական սփյուռքը, այլ նաև միջազգային հանրությունը: Այս աշխատանքներն ուղղակի անգնահատելի են: Թե՛ ես, թե՛ Արցախի իմ գործընկեր Արտակ Բեգլարյանը (Artak Beglaryan), որպես Մարդու իրավունքների պաշտպաններ, երբեք նրանցից անգամ ակնարկ չեն լսել, որ անհրաժեշտ աջակցության ծավալն ահռելի է՝ սկսած մասնագիտական ամենաբարդ վերլուծություններից մինչև անգլերենով զեկույցների ու հայտարարությունների թարգմանություններով աջակցություն: Չնայած ԱՄՆ-ում իրենց հիմնական գործում հսկայական ծանրաբեռնվածությանը, պատասխանատու աշխատանքին ու ահռելի ժամային տարբերությանը ԱՄՆ Կալիֆորնիա և Չիկագո նահանգների հետ՝ մեր խնդրանքներին նրանց արձագանքը հետևել է րոպեների ու անգամ վայրկյանների ընթացքում: Կարօ Ղազարեանն ու Գառնիկ Քերքոնեանն այսօր էլ մեզ շուրջօրյա աջակցություն են ցուցաբերում բոլոր հարցերում (պաշտոնական նամակներ ու հետևողական աջակցություն գերիների վերադարձի, ադրբեջանական պատերազմական հանցանքների արձանագրման ու այլ խնդիրներով): Հատկապես կարևոր է, որ նրանք, լինելով ԱՄՆ-ում գործող պրակտիկ փաստաբաններ, իրենց պրակտիկ գիտելիքներն ու փորձն են օգտագործում՝ մեզ աջակցելու համար: Մեր գործընկերները բացարձակ նույնն են արել 2016թ. ապրիլյան, 2020թ. հուլիսյան ու մյուս բոլոր պատերազմական գործողությունների ժամանակ: Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համանախագահների դերն անգնահատելի է նաև Հայաստանում մարդու իրավունքների համակարգի կատարելագործման հարցում: Մասնավորապես, տեղի ունեցող յուրաքանչյուր հավաք, ոստիկանական գործողություններ, երեխաների ու կանանց, զինծառայողների իրավունքներ կամ մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած այլ հարց մշտապես նրանց անմիջական ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուր անգամ հրապարակային արձագանքներով ու մասնագիտական վերլուծություններով նրանք միայն օգնել են թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ Կառավարությանն այդ խնդիրների ճիշտ լուծումներ գտնելու, այդ լուծումները միջազգային լավագույն փորձին համապատասխան կարգավորելու հարցում: Իսկ Հայաստան ու Արցախ նրանց ավանդական այցերը գլխավորապես օգտագործվում են հենց այս խնդիրները քննարկելու, դրանց լուծումները գտնելու նպատակով: Ընդ որում, այս բոլոր միջոցները պարոն Կարօ Ղազաեանն ու Գառնիկ Քերքոնեանը շարունակաբար ձեռնարկում են նաև աշխարհի այլ երկրներում հայերի իրավունքների պաշտպանության նպատակով՝ Միջին Արևելքից մինչև Եվրոպա և Հարավային Ամերիկայից մինչև ԱՄՆ ու այլ երկրներ: Մեր ամերիկահայ գործընկերներն իրականացնում են նաև ակտիվ դասախոսական ու վերապատրաստման աշխատանքներ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում և Արցախում: Օրինակ՝ Կարօ Ղազարեանը 22 տարի եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող համալսարանի իրավունքի դպրոցի դեկան, իրավունքի պրոֆեսոր ու նաև քրեական գործերի քննության հարցեր է դասավանդել ԱՄՆ Քննությունների դաշնային ծառայության (FBI) համար: Գառնիկ Քերքոնեանն այս պատերազմի ընթացքում Արցախի անունից դատական հայց է հարուցել ԱՄՆ դաշնային դատարանում Վաշինգտոնում: Բայց ամենակարևորն այն է, որ պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը վերապատրաստում են իրականացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար՝ հատկապես կապված քրեական գործերի քննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկ խնդիրների, միջազգային փորձի հետ: Նրանք մեծ դեր են ունեցել 2017թ. նոյեմբերին Արցախի պետական համալսարանում իրավաբանական կլինիկայի ստեղծման ու այդ կլինիկայում ժամանակակից պայմաններում մասնագետների պատրաստման հարցում: Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հարգարժան գործընկերներին, ովքեր շարունակում են ջանք ու եռանդ չխնայել հատկապես արդեն հետպատերազմական այս բարդ ժամանակահատվածում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում: Նրանց տարիների աջակցությունն իրական օրինակ է՝ ինչպես պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի ու Արցախի միջև համագործակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս պատերազմի առաջին պահից, 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր ու ժամ մեզ հետ են եղել Հայերի իրավունքների...

Опубликовано Arman Tatoyan Понедельник, 18 января 2021 г.

Նմանատիպ նյութեր