211652_close_icon
views-count3955 դիտում article-date 00:18 22-12-2020

Եթե ինձ միշտ հիշեք, ես երջանիկ կլինեմ. այդպես էլ եղավ, հիշում ենք ամեն պահի…

Սեպտեմբեր 27, 2020թ. Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով։ Բոլորս կարծում էինք, որ սովորական՝ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ լայնամասշտաբ հարձակում է տեղի ունեցել։ Դե՛, հայը պատերազմ տեսած, ապրած, հաղթած ժողովուրդ է... Բայց, ավա՜ղ, 27-ը միայն սկիզբն էր։ Բոլորս օր օրի հասկանում էինք, որ ոչ թե ապրում ենք, այլ՝ շնչում՝ չմեռնելու համար։ Օրերը գնում էին՝ իրենց ետևից թողնելով սպասումն ու կարոտը։ Մենք բոլորս հույսով սպասում էինք, որ, ահա՛, հիմա կհայտարարեն, որ ամեն ինչ վերջացավ, որ սա ուղղակի ոսոխի հերթական ձախողված դիվերսիան էր։ Բայց... 43 օր... Ամեն օրը մեզ համար տարի էր, դար կամ՝ երեւի երազ, որովհետեւ շուրջ 43 օր մենք ինքներս մեզ համոզում էինք, որ հաստատ արթնանալու ենք, որ լուրերով հայտարարված անուններն ու թվերը ոչ մի կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը։ 2000-2001-2002 ... 2000-2001-2002 43 օրվա մեջ ստեղծված պատկերից ավելի շատ խենթացողներ եղան, քան՝ աշխարհի բոլոր հիվանդատները իրար հետ վերցրած։ Միայն մի բան գիտեմ. յուրաքանչյուր հայորդու մահով մեռնում էին բոլորը, եւ բնավ կարեւոր չէր նրանց ֆիզիկապես լինելը, եթե մարդու հոգին ու միտքը չեն շարունակում ապրել, նա մեռած է... Ամեն օր նոր անուններ, նոր խեղված ճակատագրեր։ Անիծված օրեր էին՝ բառի բուն իմաստով անիծված, որովհետեւ, եթե սկզբի օրերին մենք կարդում էինք հատ առ հատ բոլոր անունները եւ հատ առ հատ սգում բոլորի համար, ապա օրեր հետո կարդում էինք անունները շատ արագ, շունչներս պահած, որովհետեւ վախենում էինք ծանոթի կամ հարազատի անուն տեսնելուց։ Սահմանից Լուր հասավ... հոկտեմբերի 16-ն էր. ասացին, որ դասընկերս՝ Նարեկը, հրեշտակ է դարձել... Անմահացել էր դեռեւս հոկտ. 12-ին, սակայն այդ մասին իմացանք ավելի ուշ։ Այն Նարեկը, ում հետ անցել էր իմ մանկության ու պատանեկության տարիները, այն Նարեկը, ումից այդ օրերին ամենաշատն էինք լուրի սպասում... Ցավոք, եղավ ամենաանսպասելին: Արդեն մթնած աշխարհն էլ ավելի խավարեց բոլորիս համար... Վերջին անգամ հոկտ. 9-ին էր խոսել մայրիկի հետ, միայն ասել էր, որ լավ է, ապահով է, եւ որ հանգիստ լինեն, իրենց էլ ավելի ապահով տեղ են տանում։ Հետո իմացանք, որ հետախուզության ժամանակ Նարեկն ու իր 7 ընկերները վիրավորվել են։ Նահանջելով պատսպարվել Հադրութի Վանք գյուղի տներից մեկում։ Չիմանալով, որ այդ գյուղը ևս թշնամուն է անցել: Սպասել են օգնության, սակայն օգնություն ուղարկելու հնարավորություն այդպես էլ չի եղել... Նարեկն ու իր զինընկերը, ցավոք , երկար պայքարից հետո անմահացել են, իսկ մյուսները՝ ընկել գերության մեջ։ Նարեկը բանակ էր զորակոչվել օգոստոս ամսին: Դեռ բանակ գնալիս էլ նշել էր, որ հաճախ տուն չի զանգելու՝ պատճառաբանելով՝ «Հո՞, երեխա չեմ»։ Ուշադրություն չդարձնելով հարազատների հորդորին՝ զինկոմիսարիատում դիմում ներկայացրեց և կամավոր ծառայության մեկնեց Ջեբրայիլ՝ եղբոր մոտ։ Անսահման ոգևորությամբ էր պատմում եղբոր հետ հանդիպման և այն մասին, թե ինչ ջերմությամբ են իրեն դիմավորել բանակում։ Անչափ սիրում ու պաշտում էր ընտանիքը։ Ընտանեկան արժեքներն իր համար ամենից վեր էին։ Ծնողներին գոհացնելու ու լավ զավակ լինելու համար ամեն ինչի պատրաստ էր։ Իսկ եղբայրն իր հերոսն էր, իդեալը, հպարտությունը։ Հիշում եմ,որ 10֊րդ դասարանում,չնայած նրան,որ հիանալի վոլեյբոլ էր խաղում,եղբոր դասարանի թիմի հետ խաղի ժամանակ դիտմամբ վատ խաղաց, որ իր պատկերացումների «միշտ հաղթող» եղբայրը այս անգամ էլ հաղթի։ Նարեկը երազում էր խոհարար դառնալ։ Ընկերական հավաքույթների ժամանակ միշտ ասում էր. -Բանակից կգամ, կսովորեմ, կմեկնեմ Իտալիա, կդառնամ հանրահայտ խոհարար և բոլորդ կհպարտանաք ինձնով։ Այո’ ,հպարտացանք, բայց ուրիշ գնով... Իր հետ ես սովորել եմ երջանիկ դպրոցական տարիներս։ Աստվածային բարություն ուներ, երբեք ինչ-որ թեմայի շուրջ չէինք ընդհարվում, հոգատար էր, հարգալից, զիջող, իսկական տղամարդ։ Անտանելի գեղեցիկ ժպիտ ուներ, ու դա չնկատելը ուղղակի «մեղք» կհամարվեր։ Միշտ ասում էր. -Հիմա նիհար եմ, սենց սիրուն եմ, որ մի քիչ չաղանամ ի՞նչ կլինի։ Լույս կար իր մեջ. բոլորը կարող են հաստատել ասածներս։ Ինքնուրույն էր շատ.դեռ վաղ տարիքից դասերը համատեղում էր աշխատանքով, օրեր էին լինում, որ հանձնարարված առաջադրանքը աշխատանքի պատճառով հասցրած չէր լինում, դե իսկ մենք առանց իր ասելու շտապում էինք իր փոխարեն անել դա, որովհետեւ նա այնքան բան էր անում մեզ համար, որ դա ամենաքիչ հատուցումն էր իրեն։ Բայց այնքան շնորհակալ էր, որ նույնիսկ մեր այդ փոքր քայլի դիմաց իր աշխատած գումարով կոնֆետների տոպրակ էր բերում։ Շռայլ էր թե’ ժպիտի հարցում, թե՛ օգնության։ Բանակ գնալուց առաջ ասում էր. -Եթե ինձ միշտ հիշեք, ես երջանիկ կլինեմ։ Այդպես էլ եղավ, հիշում ենք ամեն պահի... Ցանկացած իրավիճակում չէր կորցնում հումորի զգացումը։ Դասերից հետո գնում էր տուն, մայրիկին ասում էր. -Գնում եմ դասի՝ դասատուի գլուխն ա ցավում, գալիս եմ տուն քո՝ մա՛մ, ես ո՞նց անեմ ձեզ վերջնական բուժեմ։ Խանդոտ էր ընկերների հարցում. չէր ուզում մեզ տեսնել նոր ընկերական շրջապատում, ասում էր. -Իմն եք, ուրեմն ՝ վերջ։ Պարելու մեծ տաղանդ ուներ, համադասարանական հավաքույթներին պարահրապարակի աստղերից մեկն էր։ Համախմբում էր բոլորիս,ու հենց իր թելադրած շարժումներով էլ պարում էինք բոլորս։ Իսկ օրվա ավարտին, պարտադիր բոլոր աղջիկներիս տուն պիտի ճանապարհեր՝ համոզված լինելու համար, որ լավ ենք տուն հասել։ 2 տարի առաջ էլ՝ հերթական հավաքույթի ժամանակ, որոշեցինք յուրաքանչյուրին բնութագրող բառ կամ բառակապակցություն ասել։ Երբ հերթը հասավ Նարեկին բոլորս միաբերան ասացինք՝ «Դասարանի պաշտպան»։ Միայն մի պահ սխալվեցինք, ոչ թե դասարանի, այլ՝ հայրենիքի... Անվերջ կարող եմ խոսել այդ առանձնահատուկ կերպարի մասին... Նա չվերադարձավ, բայց համոզված պիտի լինի, որ ինքն հաղթանակած էր, իր կերպարն էր հաղթանակած։ Մենք պարտվել ենք, որ , ի դեմս իրեն, լուսավոր, պիտանի ՄԱՐԴ ու ԸՆԿԵՐ ենք կորցրել... Միայն ուզում եմ, որ Երկնավոր Տերը Երկնքի արքայության հանգրվաններում երանավետ հանգստություն պարգեւի հայ ազգի արժանավոր զավակին: Հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը մեր անմահացած հերոս Նարեկի ընտանիքին... Իր դասընկերուհի՝ Սիմոնյան Վարդուհի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր