211652_close_icon
views-count4714 դիտում article-date 22:02 21-12-2020

Գորիսի ճանապարհին Փաշինյանին հասկացրել են, որ այնտեղ նրա ձեռքը չեն սեղմելու. Ռուսական «Առաջին ալիք»

«Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները չեն զիջում: Ընդդիմության հայտարարած համընդհանուր անժամկետ գործադուլը մեկնարկում է վաղը՝ դեկտեմբերի 22-ին: Իսկ այսօր գործող վարչապետի նկատմամբ իրենց «սիրո բացակայությունն» են ցույց տվել երկրի արեւելքում: Ղարաբաղին ամենամոտ քաղաքի՝ Գորիսի ճանապարհին Փաշինյանին հասկացրել են, որ այնտեղ նրա ձեռքը չեն սեղմի: Մինչեւ նշանակետ նա այդպես էլ չհասավ»: Այդ մասին ասվում է ռուսասկան «Առաջին ալիքի» ռեպորտաժում: «Ոստիկանության հետ բախումներն այդտեղ սկսվել են վաղ առավոտից: Հայաստանի Սյունիքի մարզի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Գորիս տանող մայրուղին փակել էր տեղի բնակիչների խումբը: Ճանապարհն արգելափակել էին, որպեսզի խոչընդոտեն երկրի վարչապետի այցին: Նախօրեին քաղաքապետն անգամ սոցցանցերի միջոցով խնդրանքով դիմել էր. «Հարգելի Գորիսի բնակիչներ, 06:00-ին Տաթեւացի հրապարակից ավտոշարասյունը կշարժվի դեպի Սյունիքի դարպասներ, որպեսզի արգելի մուտք գործել վարչապետին Սյունիքի մարզ»: Այսօր առավոտյան Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից: Նրա նկատմամբ հարուցվել է միաժամանակ մի քանի քրեական գործ, ընդ որում՝ մեղադրանքների էությունը դեռեւս պարզ չէ: Պաշտոնյայի ձերբակալումը վրդովվեցրել է տարածաշրջանի բնակիչներին: «Ինչո՞ւ է նա բերման ենթարկվել: Ինչի՞ց է վախենում Փաշինյանը: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ասենք վարչապետին, որ նա տեղ չունի մեր հողի վրա»,-վրդովվել է տեղի բնակիչներից մեկը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել պլանավորած այցը Սյունիքի մարզ՝ ձայնագրելով քաղաքացիներին ուղղված ուղերձ հենց ավտոմեքենայից. «Հարգելի սյունեցիներ, ես ցանկանում եմ հանդիպել ձեզ հետ եւ քննարկել բոլոր հարցերը՝ ձեր աչքերի մեջ նայելով: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք լուծել բոլոր խնդիրները»: Գորիս նա այդպես էլ չի հասել: Հինգ բնակավայրերից, որոնք եղել են աշխատանքային օրակարգում, Փաշինյանին հաջողվել է այցելել միայն երկուսը, ընդ որում՝ այնտեղ նրան այնքան էլ ուրախ չեն դիմավորել: Փաշինյանի ուղղությամբ բղավել են Սիսիան քաղաքի բնակիչները, սակայն ժողովրդի հետ շփումն այդպես էլ չի կարգավորվել: Վարչապետի ուղղությամբ անդադար սուլել են՝ մեղադրելով նրան, որ թույլ է տվել ադրբեջանական զորքերին մոտենալ հայկական քաղաքներին եւ գյուղերին: Ռուսաստանի, Ադրրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանում ընթանում են սահմանագծման աշխատանքներ, եւ սահմանագիծը երբեմն անցնում է բնակավայրերի հարեւանությամբ: «Իսկ չէ՞ր կարելի պահպանել տարածքները, թույլ չտալ ադրբեջանական զինվորականներին այդքան մոտենալ»: «Օրենքով դրանք մեր սահմաններն են եւ Տեղ գյուղից հետո՝ արդեն Ադրբեջանի, այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին խորհրդարանի կողմից: Իսկ ՀԱՊԿ-ը պահպանում է այդ սահմանները եւ չի կարող միջամտել մեր սահմաններից դուրս կատարվող իրադարձություններին: Այստեղ կլինեն մեր սահմանապահները, ձեզ համար անվտանգ է»: Այն, որ տեղաբնակներն այլեւս չպետք է մտահոգվեն, Նիկոլ Փաշինյանը փորձել ե նաեւ համոզել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհված զինծառայողների բարեկամներին: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին մեկ րոպե լռությամբ, գերեզմանատանը ծաղիկներ խոնարհել զինվորների եւ սպաների գերեզմաններին: Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում Փաշինյանը ցանկացել է մոմ վառել, սակայն եկեղեցու հոգեւորականն անգամ հրաժարվել է նրա ձեռքը սեղմել՝ դռան կողմը ցույց տալով: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երեւան: Վաղը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն գործող վարչապետի քաղաքականությանը դեմ մարդիկ: Հանրապետության հրապարակում ընդդիմությունը պատրաստվում է հայտարարել համընդհանուր անժամկետ գործադուլի մեկնարկը»:

Նմանատիպ նյութեր