3908 դիտում
19:20 17-11-2020
Նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում է որպես բուժծառայողի օր
Նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում է որպես բուժծառայողի օր: Այսօր լրանում է զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կազմավորման 28-րդ տարեդարձը, որը ևս մեկ առիթ է գնահատական տալու այն ծանր և պատասխանատու աշխատանքին, այն աներևակայելի ջանքերին ու եռանդին, որ զինվորական բուժաշխատողը մշտապես ներդնում է յուրաքանչյուր հիվանդ և վիրավոր զինծառայողի ապաքինման գործում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը:
Այս օրն առիթ է ոչ միայն ամփոփելու ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումները, մատնացույց անելու խնդիրները, այլ նաև հիշելու նահատակված բուժծառայողների սխրանքները, դրվատանքի խոսքեր ասելու զինվորական բժիշկներին, բուժակներին, բուժքույրերին, մայրապետներին, սանհրահանգիչներին և սանիտար-վարորդներին: Բարձր ու հերոսաբար պահելով բուժաշխատողի պատիվը՝ նրանք միշտ, և հատկապես այս վերջին ծանր շրջանում, գիշեր ու զօր, անձնուրացությամբ իրականացնում են իրենց ծառայությունը:
Բոլոր ժամանակներում մարդկությունը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել զինվորական բուժաշխատողի մասնագիտությանը: Սա առավել ակնառու է այսօր, քանի որ մեր զինծառայողների առողջությունը մեծապես կախված է հենց զինվորական բուժաշխատողների տքնաջան աշխատանքից:
Հպարտությամբ պետք է նշել, որ բժշկական ծառայությանն այսօր ունի բազմաթիվ պատրաստված կադրեր, որոնց օրինակով ու ոգով կդաստիարակվեն ռազմական բժշկների և բուժաշխատողների հետագա սերունդները:
Զինված ուժերի բուժծառայողների համար առանձնահատուկ փորձություն էր վերջին երկու ամիսները: Այս դժվարին օրերին զինվորական բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, տարհանում, բուժում, փրկում էին մահվան ճիրաններում գտնվող զինվորին, սպային, կամավորականին և խաղաղ բնակչին: Արհամարհելով հոգնածությունը՝ առանց դադարի, առաջնագծում թե թիկունքում, բժիշկ թե բուժքույր, դիմակայում էին ամենօրյա մարտահրավերներին: Զինվորական բժիշկներն արեցին առավելագույնը՝ նոր էջ գրելով ռազմաբժշկական տարեգրության մեջ: Մասնագիտական բարձր գիտելիքների և փորձի շնորհիվ, ոչ միայն հոսպիտալներում, այլ նաև առաջնագիծը ապահովող բոլոր բժշկական ջոկատներում և զորամասերի բժշկական ծառայություններում, ցուցաբերվել է որակյալ և նպատակային բուժօգնություն:
Ցավոք՝ պատերազմական գործողությունների ընթացքում, հերոսաբար զոհվեցին բժիշկներ, բուժակներ, սանհրահանգիչներ, սանիտար-վարորդներ: Նրանցից յուրաքանչյուրն իր դիրքը պահեց մինչև վերջ. զոհվեց, բայց հավատարիմ մնաց մարդասիրական իր կոչմանն ու առաքելությանը, չդադարող կրակի պայմաններում աննկուն ու համառ պայքար մղեց հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանի կյանքի համար: Նրանք այսօր, ցավոք, մեր կողքին չեն, սակայն նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները:
Զինվորական բժիշկն այն եզակի մասնագետներից է, որ իր գործունեությունից առաջ երդվում է երկու անգամ՝ որպես զինվորական, և ապա՝ որպես բժիշկ: Այսպիսով, պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելիս երբեք չմոռանալ, որ գործ ունի մեր պետության սահմանների անառիկությունը պահապանող զինծառայողի կյանքի ու առողջության հետ:
Զինված ուժերի ղեկավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ռազմաբժշկական ծառայության ոլորտը, լուծում առկա խնդիրները, պայմաններ ստեղծում բուժսպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու և կատարելագործելու համար: Դրա վառ օրինակն է ապագայում արդիականացված, բազմաֆունկցիոնալ հոսպիտալ ունենալու գաղափարը: Այս ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում: Ռազմաբժշկական վարչությունն իր առջև խնդիր է դրել անել առավելագույնը, որ բուժծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս լինեն համակողմանիորեն ապահովված:
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
20:14 17-11-2015
Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր. ֆոտոռեպորտաժ
2027 դիտում
11:13 10-11-2019
Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օր
1439 դիտում
16:00 14-11-2021
Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր
Այս բաժնից
784 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
667 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
868 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am