211652_close_icon
views-count2753 դիտում article-date 16:47 12-11-2020

Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված է մի շարք հետազոտություններով։ Ուստի, խիստ կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ անհրաժեշտ է կրթական համակարգի գործառնության նվազագույն պայմանների ապահովումը, հատկապես, որ կարճաժամկետ հեռանկարում հանգուցալուծում չի գծագրվում, և այս իրավիճակը պահանջում է երկարաժամկետ լուծումներ։ Ավելին, երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերների պարագայում որակյալ կրթության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է, և պետք է առավելագույն ջանքեր ներդնել դրա զարգացումն ապահովելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում առաջարկվում է կազմակերպել հետևյալ կերպ. 1.Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք պետք է պլանավորվեն ուսումնական կիսամյակի վերջում և անցկացվեն՝ խստիվ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի hավելված N 17-ի դրույթները։ 2.Հանրակրթական ուսումնական հաստատություններում ամբողջությամբ հեռավար կգործեն ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները։ Մյուս համայնքներում տեղակայված հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարանները կգործեն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։ 3.Հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների ուսուցումը հեռավար կազմակերպելը նպատակահարմար չէ՝ ելնելով այս դասարաններում հեռավար ուսուցման անարդյունավետությունից։ Ավելին, հաշվի առնելով դեռևս 2020 թվականի մարտից նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված կրթական գործընթացի ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առկա կանխատեսումների համաձայն համավարակի նահանջ առաջիկա ամիսներին չի կանխատեսվում, այս դասարաններում հեռավար ուսուցումը կարող է հանգեցնել սովորողների համար լրացուցիչ ուսումնական տարի սահմանելուն, ինչը նշանակալի բացասական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր երեխաների հետագա բնականոն զարգացման վրա։ Հետևաբար, այս դասարաններում, անկախ տվյալ ուսումնական հաստատության տեղակայվածությունից, ուսուցման գործընթացը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։ 4.Քանի որ նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հեռավար ձևով իրականացնել հնարավոր չէ, իսկ գործունեության շարունակական դադարեցումը երեխաների զարգացման տեսանկյունից առաջ է բերում զգալի բացասական հետևանքներ, ինչպես նաև, հաշվի առնելով այն, որ այս հաստատությունների գործունեության բացակայության պայմաններում առաջ են գալիս ինչպես ոլորտում ներգրավված հազարավոր աշխատակիցների, այնպես էլ ընտանիքների սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեությունը վերսկսել համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 12-ի։ 5.Նույն իրավիճակն է առաջանում նաև արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների գործունեության պարագայում։ Ուստի, վերջիններիս գործունեությունը նույնպես առաջարկվում է վերսկսել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 18-ի դրույթների համաձայն։ Միաժամանակ, առաջնահերթ ենք համարում, որ կրթական համակարգում բոլորը խստագույնս պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Տեղեկացնենք նաև, որ այս իրավիճակում կրթական համակարգն առաջնահերթ քայլեր է ձեռնարկել նաև հետևյալ երկու կարևոր խնդիրների ուղղությամբ. Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հազարավոր երեխաների կրթության իրավունքի իրացումը, Պատերազմական և հետպատերազմյան պայմաններում երեխաների զարգացումը, հոգեկան առողջությունն ու անհրաժեշտ աջակցության ապահովումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարարությունը ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական հոգեբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստումներ՝ երեխաներին անհրաժեշտ աջակցությունը ցույց տալու համար։ Այս աջակցության կարևոր խումբը նաև ԱՀ-ից Հայաստան տեղափոխված երեխաներն են։

Նմանատիպ նյութեր