211652_close_icon
views-count286 դիտում article-date 10:22 04-11-2020

Արժեքները «մեղավոր չեն», որ կառավարությունները դրանք վարկաբեկում են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դեմագոգիկ հռետորաբանության մեջ ընդունված բազմաթիվ հայտնի հնարքներից ամենատարածվածներից մեկն է՝ հայտնի բացասական օրինակով որևէ թեզի հերքումը: Ենթադրենք, պետությունը ծրագիր է մշակում, որն ուղղված է ծխելու դեմ պայքարին: Դեմագոգը, որը ներկայացնում է ծխախոտային արդյունաբերությունը, այդ միջոցառումներին հակադրում է հետևյալ «փաստարկը»՝ «Իսկ դուք գիտե՞ք, որ Երրորդ Ռեյխում Հիտլերը նույնպես պայքարում էր ծխելու դեմ»: Նման սոփեստություններով կարելի է վարկաբեկել ցանկացած գաղափար՝ քրիստոնեություն, իսլամ, սոցիալիզմ, ազատ շուկա՝ որն ուզես: Որովհետև միշտ էլ կգտնվեն մարդիկ կամ մարդկանց խմբեր, որոնք իրենց հայտարարել են այս կամ այն գաղափարի ջատագով, բայց իրականում դրա հետ բացարձակապես կապ չունեին, կամ էլ՝ այդ գաղափարն իրագործում էին սխալ, երբեմն՝ հանցավոր ձևերով: Եվ գաղափարի հակառակորդները միշտ էլ հնարավորություն ունեն բացականչելու՝ «է՞ս չէր ձեր այսինչը կամ այնինչը»: Այդ պատմական ժամանակահատվածում նման հարվածի տակ հայտնվեցին ազատական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, բազմամշակութայնությունը և նմանատիպ արժեքներ: Այդ բոլոր գաղափարները վարկաբեկված էին առնվազն վերջին երկու տասնամյակում, բայց նախավերջին լուրջ հարվածը դրանք ստացան կորոնավիրուսի պատճառով, որովհետև վարակի դեմ գլոբալ պատերազմում անխուսափելի են մարդու իրավունքների սահմանափակումները և հաճախ պնդում են, թե որքան խիստ են այդ սահմանափակումները, այնքան արդյունավետ է պայքարը: Վերջին (առայժմ վերջին) հարվածը հասցրել է այս պատերազմը: Աշխարհին այն «լոկալ» է թվում, բայց դա, ըստ ամենայնի, պատրանք է՝ եվրոպական քաղաքներում թափ հավաքող բռնությունները նույնպես պատերազմ են, որն իրականացնում են նույն ուժերը, որոնք հարձակվել են Հայաստանի վրա, և այդ պատերազմը շարունակ ընդլայնվելու է: Ուրիշ հարց, որ եվրոպական երկրների կառավարությունները չեն ուզում այդ պատերազմը տեսնել: Նրանք շարունակում են խոսել մարդու իրավունքներից և տարբեր մշակույթների «խաղաղ համակեցությունից», բայց իրականում այդ հարցերը եվրոպական կառավարիչներին չեն հուզում: Դա նրանց համար ինչ-որ «մանտրա» է, որոնք նրանք կրկնում են, ինչպես մեր հոգևորականներն են երբեմն զուտ մեխանիկորեն արտաբերում «Հայր մերը»՝ չխորանալով դրա իմաստի մեջ: Իրականում եվրոպական կառավարություններին իրենց քաղաքացիների անվտանգությունը (որը մարդու հիմնական իրավունքն է) շատ ավելի քիչ է հետաքրքրում, քան զենք ծախելն ու նավթ-գազ առնելը: Նրանք անգամ չեն գիտակցում, որ նույն պատերազմում ավելի ազդեցիկ է դառնալու նաև հակառակ՝ ազգայնական կողմը, որը կսպառնա իրենց երկրների օրինապաշտ թուրք և ընդհանրապես մահմեդական քաղաքացիներին: Սա ի՞նչ է, եթե ոչ հարված բազմամշակութայնությանը: Ճիշտ նույն ձևով Իսրայելի կառավարությանն առանձնապես չի հուզում սինագոգի վրա զինված հարձակումը, քանի որ ազգն ու հավատը նրա համար պակաս կարևոր են, քան «դրոնների բիզնեսը»: Այնպես որ դժվար է պնդել, որ հրեական պետությունն այսօր ինչ-որ արժեքներ է դավանում: Բայց բուն արժեքները «մեղավոր չեն», որ կառավարությունները դրանք վարկաբեկում են: Բարբարոսները միայն կուրախանան, եթե մենք դրանց դեմ խոսենք: Կարծում եմ, մենք պետք է լինենք, ինչպես ասում են, արժեքների «նեղ օրվա ընկերը»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր