211652_close_icon
views-count657 դիտում article-date 09:59 27-10-2020

Արցախի ՄԻՊ-ը ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարներ

Արցախի ՄԻՊ-ը ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարներ: Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները եւ ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետեւյալ հանգամանքները՝ 1. Լուսանկարներից մեկում երեւացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, եւ անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները: 2. Մեկ այլ լուսանկարում երեւացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, եւ հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը: 3. Երրորդ լուսանկարում երեւացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է եւ այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչեւ 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, եւ դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ: Մարդու իրավունքների պաշտպանը, կարեւորելով պատերազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, ընդգծում է, որ առ այսօր որեւէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այնուամենայնիվ, Պաշտպանը հորդորում է բոլորին զգուշավորություն ցուցաբերել զենքերի հետ մինչեւ 15 տարեկան երեխաների շփման հարցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր