211652_close_icon
views-count65546 դիտում article-date 16:10 26-10-2020

Իր զինվորների հետ ծուղակն էր ընկել, ճեղքել էր շրջափակումը, փրկել տղաներին. կապիտան Սահակյանի հայրը՝ որդու սխրանքի մասին

Վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանը պատերազմի առաջնագծում էր, երբ հայրը՝ Արսեն Սահակյանը, Գավառում լսեց որդու՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվելու լուրը: [url=http://www.hayzinvor.am/81734.html]Hayzinvor.am[/url]-ը զրուցել է կապիտան Ալեքսան Սահակյանի հոր հետ։ [b]Ձեր որդին՝ վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանը, սխրանք է գործել ռազմադաշտում, որի համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շնորհավորում եմ։ Ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր որդու փառքը։ [/b] Տղաս իր զինվորների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, ծուղակն էր ընկել։ Բայց խիզախության, ռազմական գիտելիքների, հնարամտության շնորհիվ կարողացել էր ճեղքել շրջափակումը եւ, որ ամենակարեւորն է, ամեն ինչ արել էր, որ պաշտպանի եւ փրկի իր տղաների կյանքը։ Դա իսկական հրամանատարի պահվածք է։ [b]Դա հայ զինվորականին, հայ հրամանատարին վայել վարք է։ Եվ վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանի սխրանքը կարեւորվում է ոչ միայն անձնուրաց կռվով, հաջողության հասնելու խելամիտ գործողություններով, մարտական առաջադրանքը կատարելու հերոսությամբ, այլեւ իր զինվորի կյանքի համար մինչեւ վերջ պայքարելու բարձր բարոյականությամբ։ Փառք ու պատիվ Ձեզ, որ այդպիսի որդի եք դաստիարակել։ [/b] Շնորհակալ եմ։ Տղամարդու համար պատվից կարեւոր ոչինչ չկա։ Տղամարդու պատվին բիծ եղավ՝ ապրելն իմաստ չունի։ Ես հասարակ մարդ եմ: Եթե ասեմ՝ Ալեքսանիս առավոտից իրիկուն դաստիարակել եմ, մեծ-մեծ բաներ եմ սովորեցրել, սուտ կլինի, որովհետեւ հիմնականում զբաղված եմ եղել ընտանիքիս համար հաց հայթայթելով, հորս, մորս, կնոջս ու երկու որդիներիս հոգսերը հոգալով։ Ամեն տարի գնում էի արտագնա աշխատանքի։ Տղաներս՝ Ալեքսանն ու Վազգենը, հորս՝ իրենց պապի ձեռքի տակ են դաստիարակվել։ Հաճախ եմ լսել, թե հերս ոնց է խրատում տղաներիս։ Ասում էր՝ կյանքից թանկ հայրենիքն է։ Պատմում էր՝ Տիգրան Մեծ, Եղեռն, Հայրենական պատերազմ։ Ասում էր՝ ինչ կուզես, տո՛ւր, ինչ կուզես, զոհի՛ր, երկու բան պիտի պահես քեզ՝ հայրենիքդ ու պատիվդ։ Տղաներս՝ փոքր երեխաներ, պլշած լսում էին։ [b]Դուք՝ որպես քյավառցի տղամարդ, ի՞նչ էիք երազում Ձեր որդիների համար, ինչպիսի՞ն էիք ուզում տեսնել նրանց։ [/b] Ես երկու բան էի ուզում, որ նրանք լինեն մարդասեր ու պատվախնդիր։ Էս երկուսը՝ պատիվն ու մարդասիրությունը, իմ կարծիքով, տղամարդու ամենակարեւոր հատկանիշներն են։ Շատ է, թե քիչ, չգիտեմ, ես էսքանն եմ սովորեցրել իմ զավակներին։ Ծնված օրվանից ասել եմ՝ մարդու չնեղացնեք, ընկածին բարձրացրեք, կարիքավորին տվեք, խնդրողին մի՛ մերժեք, նեղության մեջ ընկածին մենակ մի՛ թողեք։ Ալեքսանս քչախոս էր, համեստ, հանգիստ, նույնիսկ ամաչկոտ։ Վազգենս աշխույժ էր, չարաճճի, կռվարար։ Բայց, արի ու տես, որ էդ կռվարարը քաղաքացիական մասնագիտություն ընտրեց, իսկ խելոքը, խաղաղասերը դարձավ զինվորական ու հիմա կռվում է թշնամու դեմ։ [b]Մի երկրում, որի սահմաններին արդեն երեսուն տարի ընդհարումներն ու բախումները չեն դադարում, զինվորականի մասնագիտությունն ընտրելը արդեն իսկ հերոսություն է։ [/b] Ալեքսանս լավ էր սովորում դպրոցում։ Մարզվում էր, պատերազմի մասին ֆիլմեր էր նայում, պատմական գրքեր էր կարդում, աշխարհի բանակների պատմությունն էր ուսումնասիրում։ Սեր ուներ զենքի, բանակի, զինվորական գործի հանդեպ։ Ես էլ երիտասարդ տարիքից զինվորական համազգեստը շատ եմ սիրել։ Կարելի է ասել՝ համազգեստ կրելը իմ անկատար երազանքն է եղել։ Մեկ-մեկ մտքիս մեջ Ալեքսանիս պատկերացնում էի զինվորական համազգեստով։ Մի օր էլ ասացի՝ տղա՛ս, չե՞ս ուզի զինվորական դառնաս։ Հա, պա՛պ ջան, ասաց, ուզում եմ Ռազմական ինստիտուտ ընդունվել։ Փաստորեն, ես ու տղաս նույն երազանքն ենք ունեցել։ Ալեքսանը սիրեց Ռազմական ինստիտուտը։ Երբ տուն էր գալիս, ոգեւորված պատմում էր դասերից, վարժանքներից, կուրսանտ ընկերներից ու դասախոսներից։ Տարիները թռան, ու մի օր էլ մեզ կանչեցին պաշտպանության նախարարություն, որ մասնակցենք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների երդման արարողությանը։ Չեմ մոռանում էդ օրը. ես, հայրս ու կինս գնացինք Երեւան։ Երբ հասանք պաշտպանության նախարարության շենքի մոտ, սիրտս աննկարագրելի հուզմունքով լցվեց։ Շենքը՝ իր մեծությամբ, վեհությամբ մեր հայրենիքի, մեր ժողովրդի հզորության խորհրդանիշն էր ասես: Իմ ուժի, իմ որդու ուժի։ Հետո տեսա Ալեքսանիս՝ հայկական բանակի զինվորական համազգեստով, լեյտենանտի ուսադիրներով։ Սիրտս պայթում էր հպարտությունից։ Բա հայրս ո՜նց էր ուրախացել։ Զորքեր ճանապարհելիս որդուս ասացի՝ եղբայր կլինես զինվորիդ համար. ամեն մեկը մի տան ճրագ է, մոր աչքի լույս, հոր թիկունք։ Էդքանը։ [b]Ամենակարեւորը ասել եք։ [/b] Երբ արձակուրդ էր գալիս, ոգեւորված պատմում էր սահմանի պաշտպանությունից, ծառայությունից, զինվորներից։ Շատ էր սիրում իր ծառայությունը։ …Երբ պատերազմն սկսվեց, Ալեքսանս արձակուրդում էր։ Տանը ամենաշուտը ես եմ արթնանում։ Բոլորը քնած էին, մեկ էլ եղբորս տղան` Սամվելը, զանգեց, թե՝ հոպա՛ր, Ղարաբաղում կռիվ է սկսվել, թուրքերը սահմանի ամբողջ երկայնքով հարձակվել են։ Անմիջապես արթնացրի Ալեքսանին։ Ասացի՝ տղա՛ ջան, Ղարաբաղում պատերազմ է։ Թափով նստեց, մի քանի վայրկյան նայեց դեմքիս, հետո ձեռքերը խփեց ծնկներին ու ասաց՝ զինվորներս… Ժամեր անց արդեն Ղարաբաղում էր: Գնաց կռիվ։ Էդ պատկերը երբեք չեմ մոռանա, որ տղաս պատերազմի մասին լսելիս առաջինը իր զինվորներին հիշեց։ Ինձ մի կերպ զսպեցի, որ լաց չլինեմ հուզմունքից։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayzinvor.am/81734.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր