211652_close_icon
views-count16634 դիտում article-date 23:55 24-10-2020

Դավիթ Բաբայան. Պետական բոլոր այն գործիչները, որոնք մեր եղբայրական երկրների նկատմամբ ինչ-որ քայլեր են անում, չպետք է աշխատեն պետական համակարգում. 168.am

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Դավիթ Բաբայանը նշեց, որ նման նամակի անհրաժեշտությունը, անշուշտ, կար, ինչը և՛ նախագահի ու իշխանության, և՛ ժողովրդի ընդհանուր տրամադրություններն են, հայտնում է [url=https://168.am/2020/10/24/1392953.html?fbclid=IwAR2WW9hG_o9ZooieGuw_lYpEmeZ_zcCPF1o0PUdKptbixODRgEB7YKofZd8]168.am[/url]-ը: «Այնպես չէ, որ նամակներ գրեն՝ առանց հաշվի առնելու կոնկրետ իրավիճակը։ Ես նախկինում էլ եմ ասել, որ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ մտցնել մեր արտաքին քաղաքականության մեջ, նրան հաղորդել ռազմավարական բնույթ։ Մենք պետք է հստակ տարանջատենք, ունենանք նպատակներ և դրանց հասնելու կոնկրետ ճանապարհներ։ Մենք պետք է առաջին հերթին զարգացնենք ու պահպանենք մեր հարաբերությունները եղբայրական երկրների հետ, պետք է հատուկ հասկանանք, որ ամենաբարձր ու կարևոր նշանակությունը պետք է ունենան եղբայրական երկրները։ Սա չի նշանակում, որ մնացած երկրներին պետք է անտեսենք, ո՛չ, պարզապես պետք է հասկանանք, թե որ երկիրն ինչ ներուժ ունի և որը կարող է օրհասական պահին մեզ ձեռք մեկնի»,- շեշտեց Դ. Բաբայանը։ Նա նաև ընդգծեց, որ պետք չէ ընկնել «դեմագոգների ու սուտ հայրենասերների» ետևից, որոնք երկար տարիներ քարկոծում էին Ռուսաստանին, որոնք խոսում էին, որ Հայաստանից պետք է հանել 102-րդ ռազմաբազան։ «Եթե այս ռազմաբազան չլիներ, և Թուրքիան հարձակվեր Գյումրու ու Երևանի վրա, ո՞վ էր պատասխան տալու։ Պետք է հասկանանք, որ սխալների, մարտահրավերների, որոնց առերեսվում ենք, մեծ մասամբ կախված է նաև մեզանից, մեր քաղաքականությունից։ Ճիշտ քաղաքականություն վարենք՝ լավ է լինելու, վատ քաղաքականություն վարենք՝ անպայման պետք է առերեսվենք դրան, ափսոս, որ այդ ամենն արյունով է արտահայտվում»,- հավելեց Դավիթ Բաբայանը։ Հարցին՝ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի ու Արցախի պատկերացումները համընկնո՞ւմ են, համարժե՞ք են, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ Մայր Հայաստանն Արցախյան Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորն է։ «Սակայն կան նաև այլ հնարավորություններ, և Մայր Հայաստանը, չեմ կարծում, որ դեմ լինի Ռուսաստանին, որը ՀՀ-ի համար եղբայրական երկիր է։ Ինչպե՞ս կարող է դեմ լինել, հատկապես, երբ հայտարարեցին, որ պատրաստ են, որպեսզի ռուս խաղաղապահները գան տարածաշրջան։ Անկախ այն հանգամանքից, թե ով է գալիս իշխանության, պարտավոր է եղբայրական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Պետական բոլոր այն գործիչները, որոնք մեր եղբայրական երկրների նկատմամբ ինչ-որ քայլեր են անում, չպետք է աշխատեն պետական համակարգում, սա իմ խորին համոզմունքն է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Նմանատիպ նյութեր