211652_close_icon
views-count2505 դիտում article-date 12:32 19-10-2020

Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերմանացի խորհրդարանականներին սեփական նախաձեռնությամբ Արցախ այցելելու եւ պատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության խնդիրները տեղում ուսումնասիրելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք օբյեկտիվ կերպով կներակայացվեն Գերմանիայի ժողովրդին եւ իշխանությանը: Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն նախագահին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների մասին՝ նշելով, որ այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը Թուրքիայի եւ ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ, մարդկությանն ուղղված մեծ հանցագործություն է, որին պետք է պատշաճ արձագանքի միջազգային հանրությունը: Գերմանացի պատգամավորի խոսքով՝ հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները եւ դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր