211652_close_icon
views-count9999 դիտում article-date 20:30 15-10-2020

ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-երի դաժան վերաբերմունքը ցուցադրող 2 տեսանյութ և լուսանկարներ, որոնք վաղը կուղարկվեն միջազգային մարմինների

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ: Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների: Այնուհետև, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է տեսանյութում օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում: Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել է Թաթոյանը:

Նմանատիպ նյութեր