211652_close_icon
views-count2122 դիտում article-date 14:23 23-09-2020

2020-ի հունիսի 20-ից առ այսօր Երևանում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Վստահ եմ՝ հիշում եք, որ 2020 թվականի մարտի 8-ին հայտարարեցինք «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին, որին հենց առաջին փուլում միացան Երևանի 3՝ ամենաշատ ծննդօգնություն տրամադրող բժշկական կազմակերպությունները, իսկ հունիսից՝ ևս 4-ը։ Մարտի 8-ից ՔԿԱԳ գործակալության անունից բժշկական հաստատություններում սկսեցին կատարվել երեխաների ծնունդների և նրանց նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումները, ինչպես նաև ապահովվեց երեխայի ծննդի կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման դիմումների ընդունումը: Այժմ ներկայացնեմ ոգևորող ցուցանիշը․ 2020 թվականի հունիսի 20-ից առ այսօր Երևան քաղաքում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ, որից 3 հազար 688-ը՝ 7 բժշկական կազմակերպություններում տեղակայված սպասարկման կենտրոններում։ Այս Ծրագրով մենք ոչ միայն նպաստեցինք յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, այլև խնայեցինք երեխայի ծնողների ժամանակն ու ֆինանսները։ Բացի այդ, Ծրագիրը նաև ամբողջությամբ համապատասխանեց կորոնավիրուսային հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված պետության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ հնարավորինս նվազեցնելով քաղաքացիների տեղաշարժը կապված երեխայի ծննդի գրանցման հետ: Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Երևանի հետևյալ բժշկական կազմակերպությունները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, «Շենգավիթ» բժշկական կազմակերպություն, «Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կազմակերպություն, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կազմակերպություն, «Աստղիկ» բժշկական կազմակերպություն։ Մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը Ծրագրին կմիանա Երևանում գործող «Սլավմեդ» բժշկական կազմակերպությունը, և կազդարարենք Ծրագիրը մարզերում մեկնարկելու մասին․առաջինը կմիանան Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն» ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը: Ծրագիրը շարունակական է և Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» ծրագրին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր