211652_close_icon
views-count1562 դիտում article-date 21:32 04-09-2020

Փոխվարչապետ Ավինյանի մոտ քննարկվել են ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելների հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ելույթում փոխվարչապետն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկելու ենք պետական ու համայնքային ծառայություններին վերաբերող հարցեր: Առհասարակ քաղաքացիների ու բիզնեսի հետ հաղորդակցման մի քանի եղանակներ ունեն պետական ու համայնքային մարմինները և դրանցից մեկը ծառայությունների մատուցումն է։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը հաճախ պայմանավորում են քաղաքացիների և տնտեսվարողների վերաբերմունքը և գոհունակությունը հանրային իշխանության նկատմամբ։ Այսօր մենք սկսում ենք Հանրային կառավարման բարեփոխումների քննարկումների շարք, որոնք, մասնավորապես, վերաբերում են պետական և համայնքային ծառայություններին։ Ծառայությունների բնագավառում բարեփոխումների օրակարգն առնչվելու է ծառայությունների մատուցման և՛ ինստիտուցիոնալ և՛ ընթացակարգային մեխանիզմներին։ Մենք առաջիկայում քննարկելու ենք` ծառայությունների մատուցումն ապահովող վարչարարության, մոդելի ընտրության և ինստիտուցիոնալ հենքի արդիականացման խնդիրները, ծառայությունների մատուցման նկատմամբ հսկողություն և որակի կառավարման արդյունավետ քաղաքականություն սահմանելու անհրաժեշտության հարցը, թվային, նորարարական տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ պետական ծառայությունների մատուցման հնարավոր այլընտրանքային մեթոդների գործարկումը, պետական մարմինների համապարփակ փոխգործելիության ապահովումը։ Սա մեր ընդհանուր օրակարգն է լինելու: Այսօր, մասնավորապես, կկենտրոնանանք ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող հարցերի վրա»: Հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչությունների կողմից ներկայացված մոդելների առաջարկները և նախանշվել են հետագա քայլերը:

Նմանատիպ նյութեր