211652_close_icon
views-count1795 դիտում article-date 10:28 23-08-2020

Հայաստանի անկախության հռչակագիրն անանց փաստաթուղթ է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ: 30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը: Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին: Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան: Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով: Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ: Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է: Անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը: Կեցցե՛ անկախ Հայաստանը: Կեցցե՛ մեր ժողովուրդը:

Նմանատիպ նյութեր