211652_close_icon
views-count1790 դիտում article-date 16:59 21-08-2020

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Ստեփանակերտում, հանձնարարել է բարեկարգել փողոցները, լուծել վթարային շենքերի բնակիչների խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին շրջայց է կատարել Ստեփանակերտի մի շարք թաղամասերում: Արցախի նախագահը հանդիպել է Մարտունի 26 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների հետ: Նա նշել է, որ հանձնարարական է տվել ամենակարճ ժամանակահատվածում լուծել մայրաքաղաքում և հանրապետության այլ համայնքներում վթարային բոլոր շենքերի հարցը: Նախագահի խոսքով՝ շենքի բնակիչների բնակարանային խնդիրը վերջնական լուծելու համար պետական բյուջեից կհատկացվեն անհրաժեշտ միջոցներ: Մինչ այդ նրանք կարող են տեղափոխվել վարձով բնակարաններ, որոնց վարձավճարները կտրամադրի պետությունը: Բնակարանների տրամադրման համար հիմք է հանդիսանալու համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման՝ կառավարությունը հնարավորություն է ունենալու համապատասխան սենյակների քանակով բնակարան կամ համապատասխան գումարի չափով փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին: [img]https://st0.shamshyan.com/editor/0150006001598012414374784.jpg[/img] Նախագահը նշել է, որ բացառվելու են լրացուցիչ գումարներ ստանալու նպատակով կատարված կեղծ գրանցումները: Հանձնաժողովը զբաղվելու է նաև մայրաքաղաքի մնացած բոլոր վթարային շենքերի գույքագրմամբ, որոնց հետ կապված խնդիրներն լուծումներ կստանան՝ ըստ հերթականության: Շահինյան, Ամիրյան, Շիրազ, Հովհաննեսյան փողոցների բնակիչների խնդիրը թաղամասի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագահի հանձնարարականի համաձայն՝ 2021թ.-ին պետական բյուջեով նշված բոլոր փողոցները կբարեկարգվեն և կասֆալտապատվեն: Շրջայցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր