1908 դիտում
11:53 12-08-2020
Լոռու մարզում 2020թ. 1-ին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը
ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ արձանագրված հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների օրինականության վիճակը:
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 155 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 122 դեպքի փոխարեն (27%-ով ավելի): Դրանցից 65-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (48 դեպք) ավելի են շուրջ 35%-ով:
Նման աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի ծառահատումների դեպերի էական ավելացմամբ, այլ, առավելապես անտառների և անտառային տնտեսության պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության որակի էական բարելավմամբ, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու և հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:
Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում գործի հարուցումը մերժված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 2.336.800 ՀՀ դրամ: Նշված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ: Իսկ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 225.916.320 ՀՀ դրամ։ Միջոցներ են ձեռնարկվում դրանց վերականգնման ուղղությամբ:
Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը մեծապես պայմանավորված է քննությունների բազմակողմանիության, ապօրինի անտառահատումներին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության հանգամանքները պարտադիր քննության առարկա դարձնելու ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ:
Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 7 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 218.691.500 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում, 1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Լոռու մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու և մեղադրանքի պաշտպանության համատեքստում: Եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 8 գործ՝ 8 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ կամ 150%-ով ավելի:
Դատարանում քննվել և ավարտվել է 15 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, որը 2019թ. նույն շրջանի (6 գործ՝ 6 անձի վերաբերյալ) համեմատ կրկին ավելի է 150%-ով:
Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 4.476.080 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
20:46 25-08-2020
26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը