«Ռոման» նոր սեփականատեր ունի. գործարքն արժեցել է 591 մլն եվրո
«Ռոմայի» սեփականատեր Ջեյմս Պալոտան ակումբը վաճառել է միլիարդատեր Դեն Ֆրիդկինին:
Գործարքն իրականացվել է երեկ երեկոյան: «Ռոման» 591 մլն եվրոյի դիմաց կանցնի The Friedkin Group ընկերության տիրապետության տակ:
«Ուրախ եմ հայտնել, որ մենք համաձայնության եկանք «Ռոման» The Friedkin Group-ին վաճառելու հարցում: Վերջին ամիսներին Ֆրիդկինը հաստատեց իր ցանկությունը՝ ձեռք բերել ակումբը և նա ցանկանում է թիմին առաջ տանել:
Վստահ եմ, որ նա «Ռոմայի» համար հիանալի սեփականատեր կլինի», ասել է Պալոտան:
Ի սկզբանե Պալոտան հրաժարվում էր «Ռոման» Ֆրիդկինին վաճառել 700 մլն եվրոյի դիմաց, սակայն կորոնավիրուսի պատճառով ծագած ֆինանսական ճգնաժամի արդյունքում ակումբի արժեքն ընկել էր:
Հիշեցնենք, որ այսօր «Ռոման» Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլում հանդիպելու է «Սևիլյայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:55-ին: